Համայնքային անասնաբույժը պատրաստ չէ պահանջել, որ գյուղացին վճարի

Օձունի բոլոր անասուններին գիշեր, թե ցերեկ առաջին օգնության հասնողը անասնաբույժ Սերգո Խամվելյանն է։ Տասնամյակներ շարունակ մի զանգով գոմից գոմ, տնից տուն անցնող անասնաբույժի գործը, մինչդեռ, անհրապույր է դարձել։ Իրենից հետո շարունակող դժվար թե լինի։

«Հիմա արդեն ստեղս ա հասել, ես էլ պահակի գործ լինի կգնամ կաշխատեմ, բայց ասում եմ ափսոս ա իմ մասնագիտությունը, որ սովորել եմ հինգ տարի», - ասաց Սերգո Խամվելյանը։

Այս տարեսկզբից Լոռու մարզի համայնքապետարաններն անասնաբույժների համար աշխատավարձ սահմանեցին՝ ամսական ընդամենը 27 հազար դրամ։ Սահմանված չնչին աշխատավարձն ավելացնելու համար գյուղի անասնաբույժը, բացի պետական ֆինանսավորմամբ կատարվող չորս պատվաստումներից, մյուս այցերի, խորհրդատվության ու բուժման, գոնե գիշերները գոմում անցկացնելու համար համագյուղացուց պետք է գումար գանձի՝ դրա կեսը որպես հավելավճար ստանալու համար։

Կառավարության ռազմավարությունն է՝ գնում են անասնաբուժության վճարովի ծառայության։ Անցած շաբաթ կառավարությունում քննարկեցին, որոշեցին նախկինում վարկային միջոցներով պետության ձեռք բերած անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին։

Կառավարության անդամներն արձանագրեցին՝ պետք է ուժեղացնել մասնավոր անասնաբուժական կենտրոններն ու նրանց միջոցով իրականացնել պետական ծառայությունները։

«Այսինքն մենք ունենք, էսպես ասած, կներեք էս ձևակերպման համար, մի հատ նորմալ անասնաբուժություն, մի հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուրիշ բան է, որ պետության տված գումարով տարին մի անգամ կամ երեք անգամ պետք է ուղղակի պատվաստել, ուրիշ բան է՝ քաղաքացին անընդհատ պայքարում է և տեսնում է, որ մատուցած ծառայությունը իր ակնկալած արդյունքը բերում է», - նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ Օձունի 62-ամյա անասնաբույժի համար սա անելու բան չէ։ «Գնամ ես ձեռս դեմ անեմ Ռոբերտին, Արմոյին, ասեմ փող տուր, որ տանեմ մուտք անե՞մ։ Գյուղացիք մի քիչ սովոր չեն, չունեն, ունեցողն էլ չի տալիս», - ասաց Խամվելյանը։

Հարևան Արևածագում անասնաբույժ Պարգև Ոսկանյանը հրաժարվել է պետության առաջարկած պայմաններով աշխատել։ Ասում է՝ ինչպես անասունի, այնպես էլ նրա տված մսով ու կաթով սնվող մարդու առողջության համար պատասխանատու են, բայց անգամ հավաքարարի նվազագույն աշխատավարձ չեն տալիս։ Սրտով չէ, իսկ մասնագիտությունը ծառայություն դարձնելուն՝ դեմ է։

«Ասում ա, եթե այցի ես գնացել, հազար դրամ ուզի։ Ես ընդամենը գնացել եմ նրա գոմը, ասեմ՝ հազար դրամ տո՞ւր։ Մինը մոդիկ ա, մինը հընգեր ա, մինը՝ բարեգամ ա։ Ստեղ դժվար ա տենց», - նշեց Ոսկանյանը։

Ստեփանավան քաղաքի անասնաբույժ Վոլոդյա Եղիազարյանն էլ անվճար աշխատելու փորձ ունի։ «Գնացել եմ մեկի անասունը մի չորս հինգ անգամ էդ հիվանդ անասունը նայել եմ, որ, ասենք, ամեն գնալուց օրինակ պետք է տար մի երկու հազար ռուբլի, ասում ա՝ դե հիմա մոտս փող չկա, գարունը կաթը կհանձնենք, փողն էն ժամանակ կտանք», - ասաց Եղիազարյանը։

Համայնքային անասնաբույժը պատրաստ չէ պահանջել, որ գյուղացին վճարի։ Անասնաբույժը մեկի հարևանն է, մյուսի բարեկամը, երրորդի՝ ընկերը։

Համայնքներում ավանդական անասնաբուժությամբ զբաղվողները միաբերան ասում են, թե սա բիզնես չի կարող դառնալ։

Մինչդեռ կառավարության ուշադրության կենտրոնում հայտնված մասնավոր ընկերությունները, որոնք հանրապետությունում ընդամենը 12-ն են, պնդում են՝ անասնաբուժությունը լավ բիզնես է։ Ստեփանավանի «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի» ղեկավար Բագրատ Ջաղինյանը երեք տարվա գործունեությունից հետո ասում է՝ կարծրատիպեր է պետք կոտրել։

«Բիզնես է ու բավականին լավ, կայացած բիզնես է, եթե անես», - ընդգծեց Ջաղինյանը։