Տեղի ունեցավ Պոլսո պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի հուղարկավորությունը

Հոգևոր և աշխարհիկ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հազարավոր մարդկանց մասնակցությամբ երեկ Ստամբուլում հանդիսավոր կերպով վերջին հրաժեշտը տվեցին Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին:

Վաղ առավոտից Գումգափուի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում մեկնարկեց պատրիարքի վերջին օծման արարողությունը, որին ներկա էին Հայ առաքելական եկեկեցու չորս նվիրապետական թեմերի ներկայացուցիչները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Անթիլիասից ժամանել էին Լիբանանի թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ Խորեն եպիսկոպոս Աշքարյանը:

Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը արտասանեց դամբանականը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընթերցեց շնորհակալական ցուցակը, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եկեղեցու խորանի մոտ կատարեց վախճանյալ Մեսրոպ պատրիարքի վերջին օծումը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը, Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն, ինչպես նաև ասորական, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչ հոգևորականներ:

Եկեղեցում էին նաև թուրքական մեջլիսի հայազգի պատգամավորներ Գարո Փայլանը, Մարգար Եսայանը, նախկին պատգամավոր Սելինա Դողանը, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական գործիչներ:

Հանգուցյալ պատրիարքի տիրամորը՝ Մարի Մութաֆյանին և պոլսահայ համայնքին ցավակցելու էին եկել մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան, քաղաքապետ Մևլութ Ույսալը, Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ունալ Չևիքօզը և պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն:

Նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում իր ցավակցությունը հայտնելով պատրիարքի վախճանի կապակցությամբ, նշեց, որ Մեսրոպ Մութաֆյանը իբրև հոգևորական և մտավորական հայրենասեր քաղաքացի էր, որն իր համախմբող մոտեցմամբ կյանքի ողջ ընթացքում կատարեց իր կրոնական պարտականությունը:

«Նա կարևոր ներդրում ունեցավ, որպեսզի հայերն ու թուրքերը ավելի մոտենան և իրար ավելի լավ հասկանան», - ասաց Քալընը:

Շուրջ չորս ժամ տևած կրոնական արարողությունից հետո պատրիարքի դագաղը դուրս բերվեց մայր եկեղեցուց և դրվեց պատրիարքարանի մուտքի առաջ: Ընթերցվեցին դամբանախոսություններ, հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցելով ճանապարհեցին լուսահոգի պատրիարքին, ապա թաղման թափորը ուղևորվեց դեպի Շիշլիի հայկական գերեզմանատուն: Թաղման արարողակարգից հետո Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հողին հանձնվեց գերեզմանատան պատրիարքների համար առանձնացված հատվածում:

62-ամյա պատրիարք Մութաֆյանը վախճանվել էր մարտի 8-ին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում ավելի քան տաս տարվա ծանր հիվանդությունից հետո: Մինչև ապրիլի 21-ը՝ Սուրբ Զատիկը պոլսահայ համայնքում սուգ է հայտարարված։