Ryanair-ը Երևանից թռիչք իրականացնելու «ամենալավ շանսը 2020 թվի ամառն» է համարում. Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան, 18-ը մարտի 2019 թ.

Ryanair-ը հայտնել է, որ շուկա մուտք գործելու «ամենալավ շանսերը ունենք 2020 թվի ամառը», այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ազատություն». - Ryanair ավիաընկերության հայկական շուկա մուտք գործելու լուրը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, ի՞նչ մանրամասներ կարող եք փոխանցել, մասնավորապես, ժամկետների, ուղղությունների մասով։

Տաթևիկ Ռևազյան. - Ուղղությունների մասով շատ բան չեմ կարող ասել, գիտեմ, որ իրենց բազաներից կթռնեն դեպի Հայաստան, բաց իրանք ունեն շատ-շատ մեծ ցանց, այսինքն մի 85 բազա ունեն ամբողջ աշխարհում։ Ավիաընկերությունն է որոշում, թե որ ուղղությունն է ինքը ուզում զարգացնել, ինքը նայում է, որ ուղղությունը իրան ձեռ կտա զարգացնել։

«Ազատություն». - Դրանք հիմնականում եվրոպակա՞ն ուղղություններն են։

Ռևազյան. - Սկզբից եվրոպականն է, այո։

«Ազատություն». - Տաթևիկ, նրանց համար, ովքեր չգիտեն ինչ բան է լոուքոսթերը, մի քանի խոսքով բացատրեք՝ ի՞նչ է դա փոխելու մեր շուկայում։

Ռևազյան. - Լոուքոսթի իմաստը իրականում այն է, որ ինքը ամեն ձևով իրա ծախսերը նվազեցնում է՝ հա՛մ նվազեցնում է, որ ինքը մեծ շահույթ կարողանա ունենալ, հա՛մ նվազեցնում է, որ կարողանա էժան տոմսեր տրամադրի։ Օրինակ, լոուքոսթը, որ թռնում է մի օդանավակայան, ինքը պահանջում է, որ 25 րոպեի մեջ ինքնաթիռը դատարկեն և նոր ուղևորները պատրաստ լինեն թռիչքի, որովհետև ինքնաթիռը փող է աշխատում, երբ ինքը օդում է, ոչ թե, որ ինքը հողի վրա է։

«Ազատություն». - Այսինքն որոշ ծառայությունների որակի հաշվին ինքը գինը իջեցնո՞ւմ է։

Ռևազյան. - Այո։

«Ազատություն». - Որքանո՞վ է իրատեսական, որ 2020-ին Ryanair-ը Երևանից արդեն թռիչք կիրականացնի։

Ռևազյան. - Դա իրենց բառերն են, մենք ենք հարցը տվել, ասել ենք՝ բա ե՞րբ դուք պատրաստ կլինեք շուկա մուտք գործել: Որովհետև իրականում, երբ բանակցում ես ավիաընկերության հետ, դա կարա մի տարի տևի, դա կարա 10 տարի էլ տևի այդ բանակցությունը: Իրանք ասեցին, որ ամենալավ շանսերը ունենք ամառը՝ 2020 թվին։ Բայց ճիշտ է, մի քանի օր հետո, որ մենք զրուցեցինք առաջին անգամ, խնդիր առաջացավ, որ Եթովպիայում ինքնաթիռ ընկավ ու էդ Max ինքնաթիռներն է Ryanair-ը պատվիրել, այսինքն ինքը սպասում էր, որ աճը էդ Max ինքնաթիռներով էր ձեռք բերելու, հիմա ես չգիտեմ, եթե դա կարա ազդի...։ Հուսով եմ Bоing-ը էդ հարցը շատ արագ կլուծի, որովհետև հիմա համարյա ամբողջ աշխարհով արգելել են այդ ինքնաթիռը, ստիպված իրանք լուծում պետք է գտնեն։

«Ազատություն». - Հնարավո՞ր է դա ազդեցություն ունա։

Ռևազյան. - Այո։

«Ազատություն». - Եվրոպական քաղաքաների միջև, օրինակ, 30-35 եվրոյով իրատեսական է Ryanair-ի տոմս գնել, դա Երևանի դեպքում հնարավոր կլինի՞։

Ռևազյան. - Դժվար է ասել, որովհետև ավիաընկերությունն է իրականում որոշելու գները, կարող է ինքը մտնի շուկա ու շատ էժան գներ տրամադրի, որ շուկան կառուցի, կարող է և տենց չանի։

«Ազատություն». - Այնուամենայնիվ, չեն լինի 300 եվրո արժողությամբ տոմսեր։

Ռևազյան. - Դժվար։ Իրականում լոուքոսթը չի նշանակում ցածր գին, նշանակում է ցածր ծախսեր։

«Ազատություն». - Բայց սկզբանական շրջանում, եթե, ասենք, 2-3 ամիս առաջ քննարկե՞լ եք էդպիսի տարբերակ, օրինակ, 70 եվրոյով Հայաստանից Բրյուսել, Պրահա հնարավոր կլինի՞։

Ռևազյան. - Ընդհանրապես ավիատոմսերի գների մասին չենք խոսել, որովհետև ինքը մասնավոր հիմնարկ է։ Միակ բանը, ինչ կարանք անենք, որ ծախսերը նվազեն Հայաստանում: Դա իրականում շատ կարևոր է։ Մեր շուկա մուտք չի գործի լոուքոսթ ավաիաընկերությունը, եթե ծախսերը շատ բարձր լինեն։

«Ազատություն». - Սա արդեն իսկ նշանակում, որ գները ցածր են լինելու։

Ռևազյան. - Հուսով եմ։

«Ազատություն». - Լոուքոսթ ավիաընկերությունները, հայտնի է, որ ժամանակին դժգոհել են «Զվարթնոցի» գներից, մասնավորապես, 10 հազար դրամ օդի հարկը, որը տոմսի ինքնարժեքի մեջ է մտնում և ինքնաբերաբար, ասենք, 30 եվրոյանոց տոմսը դառնում է 50, Ryanair-ի կամքից անկախ 20 եվրոյով թանկանում է տոմսը։

Ռևազյան. - Ընդհանրապես մենք պետք է բոլոր ծախսերը նվազեցնենք։ Օդի փողն էլ է խնդիր լուոքոսթի համար, «Զվարթնոցի» սականգներն էլ կարան լինեն խնդիր։ Ամեն ինչ պետք է անենք, այն պայմանները պետք է ստեղծենք, որ իրենք իրականում ուզենան մուտք գործեն, բայց միաժամանակ չխոչընդոտենք հիմիկվա ավիաընկերություններին։ Շատ կարևոր է, որ հավասար պայմաններում գործեն ավիաընկերությունները։

«Ազատություն». - Նաև վառելիքի մասին է խոսվել, թվեր էին բերվում, որ Եվրոպայի մակարդակով է Հայաստանում ամենաթանկերից, դա ճի՞շտ է։

Ռևազյան. - Տարբեր տվյալներ են գալիս, էդ թվերն էլ են միշտ փոխվում։ «Զվարթնոցը» բացատրում է, որ տուրք են մուծում Վրաստանի սահմանի վրա, դրա համար է ավելի թանկ։ Իրականում պետք է պայքարել, որ նվազացնել կերոսինի գինը։

«Ազատություն». - Դուք բանակցե՞լ եք այլ՝ ավելի էժան ավիաընկերությունների հետ։

Ռևազյան. - Այո, բանակցել ենք, բանակցում ենք։ Իրականում, ինձ թվում է, շատ է օգնելու մեր բանակցությունը Ryanair-ի հետ, որովհետև նոր իդեաներ են մտքիս եկել, որ կարելի է այլ պայմաններով աշխատացնել, այդ ընկերություններին համոզել։ Հիմա նայենք ոնց կստացվի Ryanair-ի հետ ու նույն պայմանները կառաջարկենք լոուքոսթներին, մնացած ավիաընկերություններին։

«Ազատություն». - Դուք ի՞նչ եք ասում, ինչո՞ւ գալ Հայաստան, այդ բանալի բառը ո՞րն է։

Ռևազյան. - Մեր շուկան ու ընդհանրապես էս տարածաշրջանը չի սպասարկվում լոուքոսթ ավիաընկերությունով։ Ունենք «Պոբեդա», որ թռնում է Ռուսաստան, բայց ընդհանրապես շուկան շատ կարա զարգանա, այսինքն աճելու տեղ կա։ Իսկ Ryanair-ի նման ավիաընկերությունը, որ պատվիրել է 200 ինքնաթիռ, ինքը ակտիվորեն ման է գալիս նոր շուկաներ, որտեղ ինքը կարա զարգանա։

«Ազատություն». - Նաև հաղորդվեց ուկրաինական լոուքոսթերի մասին, որը գալիս է շուկա, դա ի՞նչ ընկերություն է։

Ռևազյան. - Լրիվ նոր ընկերություն է։

«Ազատություն». - Առայժմ միայն Կիևն է ուղղությունը, եթե չեմ սխալվում։

Ռևազյան. - Սկզբնական, այո։

«Ազատություն». - Գյումրիի մասով լոուքոսթերներին առաջարկե՞լ եք, որ հյուսիսային մայրաքաղաքից ավելի էժան թռիչքներ անեն։

Ռևազյան. - Միշտ էլ առաջարկում ենք։ Ամբողջ մեր բիզնես քեյսը Գյումրիի օդանավակայանի հետ էր կապված, բայց պարզ է, որ Ryanair-ի համար մենակ Գյումրին հետաքրքիր չի, «Զվարթնոցն» էլ է հետաքրքիր, բայց դեռ վերջնական որոշումներ կայացված չեն։

«Ազատություն». - Իրենք Երևանի՞ց, թե՞ Գյումրիից թռիչքներ կիրականացնեն։

Ռևազյան. - Կամ երկու տեղից, չգիտեմ։