Վաղ առավոտյան Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային երկու շենքերի բնակիչներ դպրոցի միջանցքում էին՝ թույլ չտալու աշակերտների և ուսուցիչների մուտքը դպրոց:
«Մինչև մեր աչքը էդ գումարը չտենա, դուրս էստեղից դուրս չենք գալու», - ասաց բնակիչներից մի կին:
Այս համայնքում 22 ընտանիք ապրում է 4-րդ կարգի վթարային շենքերում։ Այս պայմաններում մոտ 30 երեկա է մեծանում: 8֊ն անց 30-ից աշակերտները սկսեցին դպրոց շտապել, բայց նրանց ներս թողնող չկար, ուսուցիչներին նույնպես:
Լենուղու դպրոցը 208 աշակերտ ունի, ուսուցիչների հետ կուտակվեցին միջանցքում։
Քիչ անց դպրոց շտապեցին մոտ երկու տասնյակ ոստիկաններ՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի գլխավորությամբ։ Սկզբում փորձեցին իրավիճակը հարթել բացատրական աշխատանքով, չանցավ: Մինչ ոստիկանները խնդրում, պահանջում էին բացել դպրոցի գլխավոր մուտքը, տնօրենի պաշտոնակատարը որոշեց խորամանկել՝ երեխաներին դասարաններ տանել հետևի մուտքով:
Բողոքավորներից Քնքուշ Սահարյանի աչքից տնօրենի օպերացիան չվրիպեց․ - «Չեմ թողում և վերջ»:
Վճռական էր ոչ միայն տիկին Քնքուշը. գործի անցան ոստիկանները: Նրանք, ի վերջո, վթարային շենքերի բնակիչներին համոզեցին դուրս գալ շենքից և հարցի լուծումը փնտրել մարզպետարանում:
Արմավիրի մարզպետի հետ քննարկումը փակ էր: Բնակիչներից Մկրտիչ Սահարյանը հետո պատմեց. - «Ասում ա՝ դիմել եմ Կառավարություն, սպասում ենք էդ փուլերին, տեսնենք ինչ ա լինում: Ձեր հարցը առաջնային, հրատապ ծրագրի մեջ ա»:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի օրն այսօր թեթև չէր՝ Զարթոնք, Արշալույս, Լենուղի բողոքի թեժ կետեր են: Վթարային շենքների բնակիչների հետ Մաթևոսյանը էլի էր հանդիպել, ժամանակավոր լուծումներ առաջարկել, բայց մարդիկ փոխհատուցումն են ուզում, ինչպես դա եղել է 4 տարի առաջ՝ հարևան մեկ այլ վթարային շենքում ապրողների համար:
«Հարցը լուծվում ա միայն Կառավարության որոշմամբ: Մարզպետարանը չունի ֆինանսական միջոցներ հրատապ հարցերը լուծելու համար: Բոլոր ֆինանսական միջոցները մարզի խնդիրները լուծելու համար տրամադրվում են Կառավարության որոշմամբ», - «Ազատությանն» ասաց մարզպետը:
Բնակիչները բողոքի գործողությունները դադարեցնում են, բայց՝ մեկ ամսով: Եթե իրենց տան հարցը չլուծվի, սպառնում են դիմել ավելի կոշտ միջոցների, մասնավորապես՝ մշտական բնակություն հաստատել Լենուղու միջնակարգ դպրոցի շենքում: