«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում, մարզի կարգավիճակով, ներառելու գործընթաց, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիր անդամներից Վարուժան Ավետիսյանը։
«Սասնա ծռեր» համահայկական շարժումն այս գործընթացը սկսում է հիմա, քանի որ դրա համար անհրաժեշտ էր Արցախում ունենալ քաղաքական, կազմակերպչական միավորում։ Այժմ այդ միավորը կա՝ օրերս Արցախում գրանցվել է «Սասնա ծռեր» Արցախի կուսակցությունը, որի հիմնական անելիքն այս գործընթացի ապահովումն է», - հայտարարեց Ավետիսյանը։
«Ազատության» հարցին, թե իրավական առումով ինչպե՞ս են պատկերացնում այս գործընթացը, արդյո՞ք արցախցիներն, ովքեր իրենց անկախությունը դե յուրե հռչակել են, համաձայն են ստանալ մարզի կարգավիճակ, կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. - «Մենք վստահ ենք, որ այս գաղափարի հետ կապված բացարձակ մեծամասնությունը կիսում է, և վստահ եմ, որ բոլորի սրտով է այս գործընթացը, որ սկսում ենք։ Գործընթացի իրավական ճանապարհները բազմաթիվ են. դա կարող է լինել հանրաքվեների միջոցով, կարող է լինել երկուստեք Ազգային ժողովների վավերացումով, կարող է լինել համապետական ընտրությունների ներգրավելով», - ասաց Սեֆիլյանը։