«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի տարածքում ընթացող գործողություններին». Ավինյան

«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է Օպերայի տարածքում ընթացող գործողություններին», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Միանշանակ աջակցում է, դա ընդհանուր թիմային որոշում է, և ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է, և համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը պետք է շարունակական լինի քաղաքապետարանի կողմից, որովհետև խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի` Երևանի ամենակենտրոնի մասին», - ասաց փոխվարչապետը։

Հարցին, թե արտոնյալներ չե՞ն լինելու, Ավինյանը պատասխանեց. - «Ոչ մի արտոնյալ չի լինելու»։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն մի քանի օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք օրեր առաջ փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։