Վաշինգտոնը չի բացառում միջուկային զենքի վերահսկման շուրջ Ռուսաստանի հետ նոր բանակցությունները։ Այդ մասին The Hill-ին ասել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։
Բոլթոնն առաջարկում է բանակցություններին հրավիրել նաև Չինաստանին։
«Չինաստանն իր միջուկային ներուժն է ուժեղացնում։ Սա է նաև պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք ուզում նոր բանակցություններ սկսել՝ միջուկային սպառազինության վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ՝ ներգրավվելով այդ բանակցություններում Չինաստանին», - երեկ The Hill-ին ասել է Բոլթոնը։
Կրեմլում պնդում են, որ նման բանակցությունների առաջարկ չեն ստացել, գրում է "Эхо Москвы "-ին։
Հիշեցնենք՝ փետրվարին Վաշինգտոնը, իսկ մարտին Մոսկվան դուրս են եկել փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, որը ստորագրվել էր դեռևս 1987 թվականին՝ սառը պատերազմի ավարտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին հրամանագիր էր ստորագրել՝ Վաշինգտոնի հետ կնքված փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու մասին։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների վրա է դնում այդ փաստաթուղթը չեղարկելու մեղքը՝ պնդելով, թե Վաշինգտոնը խախտել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
Վաշինգտոնն ավելի վաղ՝ դեռ փետրվարին էր սկսել համաձայնագրից դուրս գալու գործընթացը, Նահանգներն իր հերթին պնդում է, թե ռուսական կողմը պայմանագրի դրույթներին հակասող հրթիռ է ստեղծել։
Փորձագետների գնահատմամբ, այս պայմանագրի չեղարկումը վերաձևավորում է համաշխարհային անվտանգության քարտեզը և ստիպում է Մոսկվային սպառազինության նոր մրցավազքի մեջ մտնել, ինչը կարող է էլ ավելի թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը։
Նախօրեին, ի դեպ, Մոսկվան հայտարարել էր, թե չի պատրաստվում նոր հրթիռներ տեղակայել Ռուսաստանի եվրոպական շրջաններում քանի դեռ Միացյալ Նահանգները նոր հրթիռներ չի տեղակայել եվրոպական երկրներում։ Այդ մասին «Միջազգային կյանք» ամսագրին անցած շաբաթ ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։