«Մարտի 1»-ի գործով նախաքննության տվյալները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

«Հատուկ քննչական ծառայությունը մարտի 15-ին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից: Չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթի հերթական` մարտի 16.-ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ, փոխանցում է ՀՔԾ-ն: