Վանաձորի կարի ֆաբրիկաներում աշխատավարձը ցածր է, աշխատողներն այլընտրանք չունեն

Տեքստիլ ֆաբրիկա Հայաստանում, արխիվ

Վանաձորի ամենամեծ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները հաստատում են՝ աշխատում են օրական ինը ժամ, հաճախ՝ շաբաթական վեց օր։ Ամսական միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է։

Տարիներ շարունակ ֆաբրիկայում աշխատող կանայք չեն դժգոհում՝ համակերպվել են, քանի որ այլընտրանք չունեն։

Հայաստանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ընդունում է, որ աշխատավարձը ցածր է, աշխատաժամանակն էլ ստիպված են լինում հաճախ ավելացնել։

«Որ մեկի վրա գնում ես ջղայնանում, ասում ես՝ «ինչի՞ ես անորակ արել, ինչի՞ ես քիչ քանակ տվել», է, հետո զգում ես, որ մթամ տվածդ աշխատավար՞ձն ինչ ա՝ 80 հազար ես տվել, որ տաս 180 հազար, լավ էլ կխոսաս վրեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դարբինյանը:

Հայաստանի կարի արտադրական բիզնեսում արդեն 20 տարվա փորձ ունեցող գործարարն ասում է՝ գերմանացի պատվիրատուն է սահմանում յուրաքանչյուր արտադրանքի թողարկման գինն ըստ Եվրոպայում սահմանված չափանիշների։ Մեկ բաճկոնն, օրինակ, կարում են 100 րոպեում։ Հայաստանում, ըստ Դարբինյանի, գործն ավելի դանդաղ են գլուխ բերում։

«Է մերոնք էլ ասում են, առավոտ գալիս են, մի քիչ ազգային առանձնահատկություն ա՝ էրեգ ինչ նորություն էղավ քաղաքում, մի հատ հլա դրանք են բան անում, հինգ անգամ պտի տուն զանգի՝ էրեխին հարցնի՝ ոնց ա, ինչ ա, ճաշը կերավ, չկերավ, էդ ա: Ոչ թե թամբալ են, այլ տենց տրադիցիաներ կա: Մերոնք արդեն գիտեն, որ 5:30 ա իրա ավարտը, ինքը 5:15 սկսում ա ներկվելը», - ասաց գործարարը:

Վանաձորում գործող մեկ այլ՝ «Սաստեքս» ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին էլ շեշտում է, որ հաճախ աշխատողներն իրեն խնդրում են չգրանցել՝ նպաստից չզրկվելու կամ բանկային պատմություններում որպես աշխատող չերևալու համար։ Նշում է՝ անօրինականության չի գնում, հավելյալ աշխատաժամանակ չի սահմանում, աշխատողի ծանրաբեռնվածությունն էլ չի ավելացնում, բայց աշխատավարձի չափը հաճախ նվազագույնից բարձր չէ։

«Մի սերունդ է պետք, որ այս տիկինին դու կարանաս փոխես: Եթե տիկինը ավել փող է ուզում աշխատի, այսօր էս տիկինը պետք է իրեն ֆիլոսոֆիան փոխի: Այս տիկինը այսօր, ցանկացած Հայաստանի մայրիկը, այսօր իրեն հոգսերը այսքան ծանր է, որ այս տիկինը գալիս ա աշխատանքին՝ ինքը ընդամենը 50 տոկո՛ս իրա ուղեղով էս գործարանում է, մնացած 50 տոկոսը՝ ինքը տունը հիվանդ երեխա ունի, հիվանդ ամուսին ունի, հիվանդ, հիվանդ, հիվանդ, ու որը պետությունը դրա կողքը չի կայնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գելեջին:

Արտադրության պատասխանատուն առաջ է քաշում նաև մասնագետների պակասը։ Ֆաբրիկայում հաճախ աշխատում են մարդիկ, ովքեր առաջին անգամ են նստում կարի մեքենայի առաջ։

Մոտ 2,5 հազար աշխատող ունեցող «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասում է՝ կփորձեն առաջիկա տարիներին աշխատավարձը հասցնել գոնե մինչև 180 հազար դրամի։

«Էս մի հատ փակ շրջան ա, պտույտ ա՝ պետք ա բարձր տաս, որ լավ աշխատի, պետք է լավ էլ աշխատի, որ բարձր տաս՝ իրար հետ կապված բաներ են: Հիմա որ քիչ տաս, լավ մարդ չես կարա ընդգրկես, լավ չես կարա աշխատես, շատ էլ չես կարա․․․ դրանք իրար հետ կապված բաներ են», - ընդգծեց Դարբինյանը: