«Բարգավաճ Հայաստանը» որևէ ցուցարար չի բերել Ազատության հրապարակ», - այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե երեկ Ազատության հրապարակում սրճարանների ապոմոտաժման դեմ բողոքի ակցիային նաև ԲՀԿ-ականներ են մասնակցել:
Ի դեպ, նրանցից ոմանք նաև չէին թաքցրել, որ ԲՀԿ անդամ են:
Մինչդեռ Զոհրաբյանը այսօր բացատրեց, որ նրանք կուսակցության երիտասարդական թևից են և հրապարակ էին եկել իր հետ միասին․ - «Երբ որ ես ահազանգ ստացա, որ էստեղ միջադեպ կա, այդ երիտասարդները եկել էին Կառավարման ակադեմիա, մեր երիտթևից էին՝ լսելու իմ երկխոսությունը ուսանողների հետ: Աջափնյակի մեր կառույցից էին և իրենք ընդամենը նույն մեքենայով եկել էին Ազատության հրապարակ: Դա անհեթեթություն է: «Բարգավաճ Հայաստանը» որևէ ցուցարար չէր բերել, որովհետև մեր խնդիրը ընդամենը հնարավորինս կանխելն էր էսկալացիան: Ինչը մեզ հաջողվեց»:
Նաիրա Զոհրաբյանը «անամոթ ապատեղեկատվություն» որակեց նաև այն տեղեկությունները, թե ԲՀԿ֊ն Ազատության հրապարակ էր գնացել սրճարանների սեփականատերերի շահերը պաշտպանելու համար, և որ իրենք դեմ են այդ սրճարանների ապամոնտաժմանը:
Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, թե Օպերայի տարածք էին գնացել ոստիկանների ոչ-իրավաչափ ուժի կիրառումը կանխելու համար․ - «Եվ երբ որ երեք տարբեր պատգամավորներ «Իմ քայլից» ասում էին, որ ոչ-իրավաչափ ուժ չի գործադրվել քաղաքացիների հանդեպ, էդ դեպքում ինչո՞ւ ոստիկանապետը երեկ դադարեցրեց ոստիկաններից մեկի լիազորությունը, ով ուղղակի ոտքով, քացիներով ծեծում էր քաղաքացուն: Մենք էնտեղ էինք, որպեսզի նման դեպքերը շատ չլինեին: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ եթե ես չլինեի էնտեղ, և եթե իմ գործընկերները չլինեին էնտեղ, ապա այսօր երևի թե մի քանի այլ ոստիկանների լիազորություն ևս ոստիկանապետը ստիպված կլիներ դադարեցնել: Ինչ վերաբերում է ապամոնտաժելուն, ես իհարկե կողմ եմ, որ այն, ինչ անօրինական է, բերվի օրինական դաշտ»:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, այդուհանդերձ, կարևորում է նաև ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը: Զոհրաբյանը նշում է, որ նրանք սեփականատերերի կողմից իրազեկված չեն եղել, որ առաջիկայում զրկվելու են աշխատանքից:
Ի դեպ, Զոհրաբյանի պնդմամբ՝ չնայած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի վստահեցմանը, թե ապամոնտաժվող սրճարանների աշխատողներին այլ սճարանները պատրաստ են աշխատանքի ընդունել, իրականությանը չեն համապատասխանում․ - «Երբ որ նորից ասում էին, որ գնացեք Կասկադի սրճարանները, էնտեղ աշխատատեղեր կա, ես այդ աշխատողներից մի քանիսի հետ գնացել եմ այդ սրճարանները, և էնտեղի սրճարանատերերը ասել են, որ իրենք լրացուցիչ որևէ աշխատողի կարիք չունեն: Սա է ողջ իրականությունը: Ո՞վ է պաշտպանելու էն մարդկանց իրավունքները, ովքեր այսօրվանից գործազուրկ են․․․ նաև այդ անօրինական սեփականատերերի պատճառով»:
Զոհրաբյանը կասկածի տակ է դնում նաև Երևանի քաղաքապետարանի այն պնդումները, թե առաջիկայում Օպերայի շրջակայքը կանաչապատվելու է՝ փաստարկելով, որ այնտեղ գործող մի քանի սրճարաններ դատական գործընթաց են սկսկել, ինչը նշանակում է, որ նրանք դեռ տարիներ շարունակ գործելու են այդտեղ․ - «Նվազագույնը 5-6 տարի տևելու է: Այն շատ գեղեցիկ նկարը, որ տեղադրված է քաղաքապետարանի կայքում․․․ էդ երկու սրճարանների միայն ապամոնտաժված տարածքո՞ւմ է լինելու այդ գեղեցիկ պուրակը: Բա մյուները ինչի՞ չեք ապամոնտաժում: Որովհետև չեք կարող, որովհետև մարդիկ դիմել են դատարան, և դատական գործընթացը թույլ չի տալիս մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը այդ սրճարանների հանդեպ որևէ գործողություն կատարել: Այնպես որ, ես խորհուրդ եմ տալիս սիրուն, պուպուշիկ, գեղեցիկ նկարներ հրապարակելուց և տարբեր սրտաճմլիկ տեքստեր կարդալուց կանաչ, թթվածնախեղդ Երևանի մասին, նաև մի քիչ իրատես լինել: Եթե դուք բոլորը քանդեիք, և էն սրճարանները, որոնք հիմա դատական գործընթացի մեջ են, որոնք դուք չեք կարող քանդել․․ և էդ դատական գործընթացները տևելու են շատ երկար տարիներ, ապա էդ ձեր գեղեցիկ զբոսայգին ընդամենը էդ երկու սրճարանի տարածքում ո՞նց եք կառուցելու: Միգուցե դա էլ մի նո՞ր նախագիծ է․․․»
Հավելենք, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժմանն է անդրադարձել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Ազատության հրապարակը հանրությանն է․ - «Հարցեր են մնում, իհարկե, այն մասին, թե համապատասխան տնտեսվարող սուբյեկտները ինչպե՞ս են հաջողացրել ծիծաղելի էժան գներով վարձակալել այդ գերթանկարժեք տարածքները, քանի՞ աշխատող են ունեցել իրականում, ինչպե՞ս են շարունակել աշխատել պայմանագրի լուծումից հետո և այլն։ Հուսամ այս հարցերը չեն վրիպի պատկան մարմինների ուշադրությունից»: