Լենուղիի երկու ընտանիք գիշերել է գյուղապետարանի շենքում՝ իրենց շենքերը քանդվում են

Լենուղի համայնքի վթարային շենքերից մեկը, մարտ, 2019թ․

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային երեք շենքերը քանդվում են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Շենքերը վթարային են անցած դարի 80-ականներից: Բնակիչները պատմում են, որ դեռ խորհրդային տարիներին են իրենց վրաններ բաժանել ու ասել՝ «եթե ուզում եք ողջ մնալ, վրան խփեք, դաշտերում քնեք»:

Չորս տարի առաջ 29 ընտանիքներից 7-ը կառավարությունից 6 միլիոն 600 հազարական դրամ փոխհատուցում ստացան, տեղափոխվեցին, մյուսները սպասում են:

«Մի շենքին փոխհատուցեցին, երկու շենքին ասեցին՝ եռամսյակ-եռամսյակ փոխհատուցումը կտանք: Ու մինչև էսօր ոչ մի դրական պատասխան, ոչ մի օգնություն չի էղել մեր իշխանության կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց սպասողներից Մկրտիչ Սահարյանը:

Սահարյանների ընտանիքում բազմաթիվ նամակներ կան՝ ուղղված կառավարություն, մարզպետին: Դրանցից ոչ մեկով իրենց հարցը չի լուծվել:

4-րդ կարգի վթարային շենք հարս եկած Նարինե Գաբրիելյանը կյանքը մղձավանջ է համարում․ - «Գոյատևում ենք, չենք ապրում: Ահավոր է»:

Հինգշաբթի օրը հարևաններով կառավարության շենքի առջև հերթական բողոքի էին գնացել՝ «տվեք այդ 6 միլիոն 600 հազարը, մենք տուն կկառուցենք»:

«[Կարծում էինք] Մեզ կօգնի մեր նորընտիր վարչապետը: Ավելի մարդամոտ է, ավելի ծանր ապրած մարդ է, ավելի լավ կիմանա մեր վիճակը ինչ է․․․ Բայց ապարդյուն, ավելի վատ: Էս մեր վարչապետը չի ուզում մեզի տեսնի, ուր մնաց թե պատասխան տա», - ասաց վթարային շենքի բնակիչներից Նարինե Գաբրիելյանը:

Նրա բախտակից Արտակ Վարդանյանը հավելեց․ - «Մեզ պատասխանեցին, ասին՝ ոչ մի բան: «Գնացեք, ձեր մարզպետին ասեք»:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդրին ծանոթ է, շենքում եղել է, բնակիչների հետ մի քանի անգամ հանդիպել է․ - «Առաջարկեցի մի քանի տարբերակներ: Տարբերակներից մեկը եղել է համայնքի ամբուլատորիայի շենքը: Տպավորություն է, որ բնակիչները չեն ուզում տեղափոխվել այդ շենք»:

«Ամբուլատորիայի տարածքում ոչ թե 22, այլ մեկ-երկու ընտանիք կարող է տեղավորվել», - հակադարձում են վթարայինի բնակիչները: Նրանք այլ համայնք ժամանակավոր բնակության առաջարկը նույնպես մերժել են:

Արմավիրի մարզպետի խոսքով՝ բնակիչների փոխհատուցում ստանալու պահանջը բավարարելու համար կառավարությունը պետք է փող հատկացնի, իսկ նման որոշում դեռ չկա․ - «Եթե մենք ունենային ֆինանսական միջոցներ այսօր, հենց այսօր էլ կկարողանայինք հատկացնել: Բայց մինչև էդ փուլին հասնելը ես փորձել եմ քննարկել բոլոր հնարավոր տարբերակները»:

Մարզում 4 վթարային դպրոցի շենք կա, այս տարի կառավարությունն այդ հարցն է լուծում:

Երկու ընտանիքներ երեկ որոշեցին մտնել գյուղապետարան, բնակություն հաստատել այնտեղ՝ մինչև իրենց հարցը լուծվի: Մյուս հարևաններն էլ մտածում են դպրոցում ապաստան գտնելու մասին:

Սահարյանների 6-հոգանոց ընտանիքը նախ գյուղապետի տեղակալի սենյակ մտավ․ - «Սեղան-մեղան կհանենք, կառավաթ էլ կբերենք»:

Լենուղի համայնքի 25 տարվա գյուղապետ Գեղամ Ղազարյանը խնդրին ծանոթ է, բայց այս այցն իր համար անակնկալ էր․ - «Մեր մոտ, իմ մոտ՝ որտեղ կուզենան»:

Գյուղապետի կաբինետում տնվորներն արագ հարմարվեցին: Շենքում ջուր կա, զուգարան կա, լոգարան կկառուցեն:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք հավաքելու է իրերն ու հեռանա, գյուղապետը պատասխանեց․ - «Չէ, մենք ստեղ ենք հլա: Մենք գործ ունենք անելու: Աշխատում ենք․․․ իրենք էլ թող մնան, ինձ չեն խանգարում»: