Ճարտարապետ․ Այդ տարածքները մարդկանց համար են, դրանք համայնքային տարածքներ են

Քաղաքապետարանն ապամոնտաժում է Օպերայի շենքի շրջակա տարածքի սրճարանները: 14-ը մարտի, 2019 թ․

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Օպերայի շենքի շրջակայքում վերջին օրերին տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններին:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա տարածքում սրճարաններ, բետոնապատ կառույցներ տեղադրելու դեմ ճարտարապետները սկսել են խոսել դեռ 2000 թվականից, միությունը մշտապես, հետևողականորեն իր վերաբերմունքն արտահայտել այդ երևույթի դեմ, բայց այս գրեթե 20 տարիների ընթացքում ոչ միայն ոչինչ չփոխվեց, այլև գնալով շատացան սրճարանները՝ զբաղեցնելով գրեթե ողջ կանաչ տարածքը:

«Այդ տարածքները, որոնք հասարակական տարածքներ են, չպիտի տրվեին նման կոշտ կառուցապատման տակ: Դա սխալ է եղել: Մենք բազմաթիվ անգամներ ենք ասել, օրինակներ ենք բերել, որ հարևան Թբիլիսիում որևիցե այգու տարածք սրճարանների նման գերխիտ․․․ նման բաներ ընդհանրապես չկա: Մենք ասում էինք, բայց հաջորդ օրը տեսնում էինք, թե ինչպես էր դա արվում», - նշեց Մինասյանը:

«Եթե անգամ սրճարանների կարիք կար այդ տարածքում, ապա դրանք միայն կարող էին մեկ-երկու բացօթյա շարժական կառույցներ լինել», - համոզված է Մկրտիչ Մինասյանը: - «Բայց էստեղ հիմնավոր կառույցներ են՝ բետոնից սարքած, քարից սարքած, նկուղային մի քանի հարկերով․․․ անթույլատրելի բան է: Իմ կարծիքը հետևյալն է՝ եթե հիմա դա չարվի, հետագայում դա կմնա, մեր աչքերի համար կդառնա սովորական բան, ոնց որ հիմա անտարբերության նման բան կա, և այլևս մենք չենք ունենա էն, ինչ որ ուզում ենք ունենալ: Յուրաքանչյուր քաղաք ունի իր գեղեցիկ վայրերը, պահպանվող գոտիները»:

Մկրտիչ Մինասյանն իր գործընկերների հետ արդեն որերորդ անգամ չի դադարում կրկնել, որ չի կարելի քաղաքը, քաղաքի կենտրոնը հատկապես, շնչահեղձ անել գերխիտ շինություններով՝ ամբողջովին ոչնչացնելով կանաչ տարածքները։ Նա համոզված է, որ օպերայի շրջակայքը սրճարաններից ազատելուց և որպես հասարակական տարածք կանաչապատելուց հետո, հաջորդը պիտի լինի Օղակաձև զբոսայգին և շարունակական այս գործընթացով պիտի կրկին կանաչապատել այլ հասարակական տարածքներ․ - «Օղակաձև զբոսայգու ամբողջ տարածքը, Զանգվի ձորը, այնտեղ գետը չի երևում, այնտեղ երկու ափերը արդեն անհնար է տեսնել միասին, որովհետև կառուցված են մեծ շենքեր՝ կասկածելի հյուրանոցային մեծ ցանցով: Եթե դա մենք ընդունում ենք, ուրեմն կարելի է ամեն ինչ սարքել: Բայց ես կարծում եմ, որ այդ բոլորը պետք է կարգի բերել»:

Իր մտահոգությունները մայրաքաղաքի ներկայիս վիճակի մասին ներկայացրեց նաև մեկ այլ անվանի ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը․ - «Ես նույն կարծիքին եմ, որ Օպերային տարածքը պետք է մաքրվի, բայց ուզում եմ դրան ավելացնել նաև հետևյալը․ այդ ամենաթողությունը մեր քաղաքում վերջին 20-30 տարիների ընթացքում հասավ իր գագաթնակետին, և քաղաքը չի զարգանում համաչափ: Եվ դա բերում է նրան, որ ոչ միայն Օպերայի այգին, այլ բոլոր կանաչ տարածությունները լցվում են ինչ-որ մի բանով՝ սրճարան լինի թե ռեստորան և այլն, և այլն, որոնք հատուկ չեն տարածքներին: Այդ տարածքները մարդկանց համար են, դրանք համայնքային տարածքներ են հանգստի համար: Հասել ենք արդեն այն աստիճանի, որ ռեստորանները և սրճարանները դուրս են գալիս մայթ: Հիմա գնացեք Բայրոն փողոցով փորձեք անցնել, այնտեղ ընդհանրապես մայթ չկա: Մարդը այն աստիճանի է ազատ զգացել իրեն, որ Տերյանից դեպի Բայրոն մտնող էդ փոքր հատվածում մայթը ուղղակի լկտիորեն փակել է․․․ Եվ այդ տեղը միակը չի: Իհարկե, քաղաքում սրճարաններ պետք են, բայց պետք է իմանալ, թե որտեղ»:

Բանախոսները ելքը տեսնում են կարգավորման մեջ․ - «Պիտի կարգավորվի, և բացառություններ պիտի չլինեն: Այդ բացառություններից է ծնվում և՛ թույլտվությունը, և՛ թողտվությունը, և՛ անտարբերությունը: Ես գիտեմ, օրինակ, որ Օղակաձև զբոսայգում գործարարին թույլ են տալիս 50 քառակուսի մետր տարածք զբաղեցնի՝ 100 կամ 200 մետր տարածք կանաչ պահելու համար: Բայց այդ տնտեսվարողները բոլորովին հակառակը արեցին: Նրանք ամայացրին այդ ամբողջ տարածքը, զավթեցին: Վաղը-մյուս օրը որ մոտենան էդ տարածքներին, պիտի ասեն՝ մենք տեղ չունենք․․․ Բայց էդ տարածքները զավթված տարածքներ են: Տեսեք, թե Տիգրանյանի արձանը ինչի է վերածվել: Մի՞թե մեր ազգը հանկարծակի մոռացավ ամեն ինչ: Չտեսնված քանդակ է, բայց նրա կողքը ամբողջը աղբ ա: Բայց տնտեսվարողները խոստացել էին, որ նրա կողքը ամեն ինչ գեղեցիկ պետք է լինի: Բա ո՞նց չքանդել դրան: Եվ թույլ չտալ այլևս Երևանում որևէ բան անել»: