«Ես միշտ դեմ եմ արտահայտվել կանաչ տարածքների զավթմանը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը, միևնույն ժամանակ տարակուսանք հայտնեց, թե քաղաքային իշխանություններին կհաջողվի կառուցել այն «գեղեցիկ», «պուպուշիկ» պուրակը, որը նկարներով է ներկայացվում։
«Էն շատ գեղեցիկ սիրուն նկարը, որ տեղադրված է քաղաքապետարանի կայքում, այսինքն` միայն այդ երկու սրճարանների ապամոնտաժված տարածքո՞ւմ է լինելու, բա մյուսներն ինչո՞ւ չեք ապամոնտաժում, որովհետև չեք կարող, որովհետև մարդիկ դիմել են դատարան և դատական գործընթացը թույլ չի տալիս մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն, այդ սրճարանների հանդեպ որևէ գործողություն կատարել։ Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս սիրուն, պոպուշիկ նկարներ հրապարակելուց և տարբեր սրտաճմլիկ տեքստեր կարդալուց առաջ կանաչ թթվածնախեղդ Երևանի մասին, նաև մի քիչ իրատես լինել», - ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև ապատեղեկատվություն համարեց այն վերլուծությունները, թե «Բարգավաճ Հայաստան»-ը պաշտպանում է սեփականատերերի շահերը և դեմ է, որ սրճարաններն ապամոնտաժվեն։
«Դա անամոթ ապատեղեկատվություն է, որովհետև մեր խնդիրը բացարձակ դա չէր, մենք այնտեղ չէինք կողմերից որևէ մեկի շահերը պաշտպանելու համար, մենք այնտեղ էինք, որպեսզի ոստիկանները ոչ իրավաչափ ուժ չկիրառեին քաղաքացիների հանդեպ և ամեն ինչ արվի օրենքի սահմանում», - ասաց պատգամավորը։
Խոսակցությունները, թե ԲՀԿ-ն երեկ իր ակտիվին էլ էր ուղարկել Ազատության հրապարակ որպես ցուցարար, Նաիրա Զոհրաբյանն անհեթեթություն որակեց։
«Իրենք մեր Աջափնյակի երիտթևից էին, եկել էին Կառավարման ակադեմիա՝ լսելու իմ երկխոսույթուն ուսանողների հետ, երբ որ ես ահազանգ ստացա, որ այնտեղ միջադեպ կա, ինձ հետ մեքենայով եկել էին այնտեղ։ Դա անհեթեթություն է, «Բարգավաճ Հայաստան»-ը որևէ ցուցարար չէր բերել, որովհետև մեր խնդիրն ընդամենը հնարավորինս կանխելն էր էսկալացիան, ինչը մեզ հաջողվեց», - ասաց Զոհրաբյանը։