ԱՄՆ-ը հերթական անգամ նախազգուշացնում է Թուրքիային S-400-ների հարցով

Ամերիկյան արտադրության F-35B Lightning II կործանիչ, արխիվ

Վաշինգտոնը հերթական նախազգուշացումն է տվել Թուրքիային՝ ռուսական S-400 (C-400) հակահրթիռային համակարգերը ձեռք բերելու վերաբերյալ:

«Դա ոչ թե զուտ բիզնես է, այլ՝ ազգային անվտանգության հարց ՆԱՏՕ-ի համար», - Reuters լրատվական գործակալությանն ասել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ անանուն մնալու պայմանով: «Խնդիրն այն է, որ ռուսական համակարգերն ու ամերիկյան F-35 կործանիչները չեն կարող համատեղվել», - ընդգծել են Պենտագոնի ներկայացուցիչները:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել էր՝ եթե Անկարան ձեռք բերի ռուսական համակարգերը, Վաշինգտոնը ստիպված կլինի վերանայել ամերիկյան կործանիչների վաճառքն այդ երկրին:

Միացյալ Նահանգներն առաջարկում է ռուսական S-400-ների փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, երեկ կրկին պնդել է՝ Ռուսաստանի հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: