«Երեկ ուղղորդված մարդիկ են եղել, մենք ունենք տվյալներ, որ արդեն փոխանցել ենք ոստիկանություն». թաղապետ

Ըստ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի, երեկ Ազատության հրապարակում միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

«Մենք ունենք տվյալներ, որ արդեն փոխանցել ենք ոստիկանություն, որովհետև ուղղորդված մարդիկ են եղել։ Կողքի սրճարաններում արդեն զանգեր են ստացել, մոտեցել են, կամերաներն ուսումնասիրում են, արդեն հարուցված է գործ՝ խուլիգանության հոդվածով, որովհետև եղել են վիրավորանքներ՝ թե՛ մեր աշխատակիցների հանդեպ, թե՛ այլ ցուցարարների, որոնք եկել էին մեզ աջակցելու, թե՛ ոստիկանության աշխատողների նկատմամբ։ Մեր ամեն ինչը եղել է համաչափ, ոստիկանությունն աշխատել է համաչափ։ Վիդեոները նայեք, աղջիկներին, դպրոցականներին տրակտորի դեմ են բերել, կանգնացրել, թող սեփականատերերը գային, զրուցեին մեզ հետ, ոչ թե դնեին մենեջերների վրա, մատուցողներին՝ էդ աղջիկներին բերեին, գցեին առաջին պլան», - ասաց Մնացականյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք քաղաքային իշխանությունները բավարար ուսումնասիրություն են արել՝ պարզելու, թե քանի աշխատատեղ է վերացվում, այլընտրանք ստեղծվե՞լ է այդ մատուցողների համար, հավաքագրե՞լ են տվյալներ, թե քանի հոգի է գործազուրկ մնալու, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. - «Համարենք, որ մոտավորապես ունեն 100 աշխատող, բայց փաստացի գրանցված են 12-ը, չորս սրճարանում, եթե չեմ սխալվում, գրանցված է 12 աշխատակից։ Այսինքն՝ մենք կարող ենք կասկածել, օրինակ, պետության հետ հարաբերվելիս հարգանք չեն ցուցաբերել, երկրորդը՝ Կասկադի սրճարանների տերերն ասացին՝ քանի որ սեզոնը նոր է բացվում, իրենց տասնյակ աշխատակիցներ են պետք, բերեցինք սեղան դրեցինք, որ հերթագրենք այն մարդկանց, ովքեր ուզում են։ 12 հոգի արդեն գնացել և աշխատում են Կասկադում, նրանք հիստերիկայի, պրովոկացիաների կարիք չունեին, վերջին թեժ պահին ես որևէ մատուցող, հավաքարար չտեսա այնտեղ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում մինչև երեկո շարունակում էր մնալ լարված։