Քոչարյանի փաստաբանը պնդում է՝ քննիչների «ասածը ջուր ա», ՀՔԾ-ն հակադարձում է՝ ունեն «հավաստի ապացույցներ»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Դատարանը այսօր շուրջ ինը ժամ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ դռնփակ նիստում քննեց Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարացնելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ: Բավարարվեց միջնորդությունը, թե ոչ՝ ենթադրվում է, որ այսօր պատասխանը չի հրապարակվի:

Վարույթն իրականացնող մարմնի հիմնավորումը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նախկին նախագահը կարող է խուսափել քննությունից կամ խոչընդոտել նախաքննությունը, Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն այսպես արձագանքեց․ - «Ապացուցվեց՝ ջուր է»:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից է կալանավորված: Դրանից հետո ՀՔԾ-ն միջնորդել էր երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը, ինչն էլ առաջին ատյանի դատարանը բավարարել էր: Այնուհետև փետրվարի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր այդ որոշման դեմ պաշտպանական խմբի բողոքը:

Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերում բանակը ներգրավված չի եղել: Մինչդեռ, հիշեցնենք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ընդգծել էր՝ բանակի ներգրավվածության փաստն առավել քան հիմնավոր է:

«Իսկ ով ասե՞ց, որ [բանակը] մասնակցել է քաղաքական զարգացումներին՝ քննչական մարմինը ասե՞ց, Սասուն Խաչատրյանն ասեց կամ քննչական խմբի ղեկավարն ասե՞ց: Ես չեմ հավատում նրանց՝ նրանց ասածը ջուր ա», - հայտարարեց փաստաբանը:

Ըստ Սահակյանի՝ 0038 հրամանը որևէ հանցավոր բան չի պարունակում: Նախկին նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում, ըստ նրա փաստաբանի, մեկ սերժանտի ցուցմունք կա: «0038 հրամանը իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, ամեն ինչ նորմալ ա: Դրա բացատրությունը ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ: Ռոբերտ Քոչարյանն ասում ա՝ «ես ժողով եմ արել և ասել եմ՝ բանակը մի ներքաշեք, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներում», - ասաց Ռուբեն Սահակյանը:

Լրագրողների հարցին՝ «ստացվե՞լ է չներքաշել», փաստաբանն արձագանքեց․ - «Այո, ստացվել է ի վերջո: Պատկերացնում եմ, որ չստացվեր՝ Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ: Եթե արտակարգ դրություն չմտցներ, և, ես շատ ցավում, որ մենք ունեցել ենք տասը զոհ, եթե ավելին լինեին, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության մատնվեց, տեսեք՝ ինչքան զոհ ունեցանք»:

Փաստաբաններ Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու ելույթով, որի բովանդակություն դեռ չի ներկայացվում:

Ռուբեն Սահակյանի այսօրվա հայտարարություններին հակադարձել է Հատուկ քննչական ծառայությունը՝ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշելով․ - «Հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա: Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից»:

«Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի, որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև իր վստահորդին», - հայտարարում է ՀՔԾ-ն՝ կոչ անելով Սահակյանին չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները: