Դիլիջանի թանկարժեք ուսումնական կենտրոնը հնարավոր է հետ վերցնեն ՊՆ-ից

Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայան

Կառավարությունում քննարկվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Դիլիջանում թանկարժեք հյուրանոց հիշեցնող կառույցի տարածքից այլ վայր տեղափոխելու հարցը։

Վերջերս վարժարան է այցելել պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Նարեկ Բաբայանը․ - «Կիրակի օրը տեղակալիս հետ մեկնել եմ այնտեղ, ծանոթացել եմ առհասարակ էնտեղ եղած գույքին և հնարավորություններին»:

Այժմ որպես ռազմամարզական վարժարանի շենք ծառայող համալիրը կառուցվել է Ֆինանսների նախարարության կողմից, երբ նախարարը Գագիկ Խաչատրյանն էր։

Դեռ 2014 թվականից այդ շենքի կառուցապատումն ու դրա համար իրականցվող գնումները մամուլի ուշադրության կենտրոնում էին՝ բարձր գների և մեկ անձից, առանց մրցույթի կատարված գնումների պատճառով։

4,5 միլիոն դրամ էր վճարվել անձեռոցիկների տուփերի համար 9,7 միլիոն դրամ կոկտեյլի 6 գդալների և 6 սթեյքի դանակների համար, և այդպես շարունակ։ Կառույցում քացախի տարայից մինչև բարձեր ու սավաններ, զուգարակոնքից մինչև ծորակներ գնվել էին առանց մրցույթի թանկարժեք խանութներից։

Ըստ Նարեկ Բաբայանի, այժմ վարժարանն ամբողջությամբ չի օգտագործում այդ շենքը․ - «Կա այնտեղ հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է: Կան ինը հատ երկհարկանի հյուրանոցային քոթեջներ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, վերևի հարկերում երեք ննջասենյակներ: Դրանք նույնպես փակի տակ են: Եվ կա կենտրոնական մասնաշենքը և սպորտ համալիրը: Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրը օգտագործվում է վարժարանի սաների կողմից»:

Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ Դիլիջանի անտառում կառուցված, հանգստյան տուն հիշեցնող այս կառույցը 2016-2017 թվականներին՝ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք, որոշվեց հանձնել Պաշտպանության նախարարությանը: Այն դարձավ ապագա սպաների ավագ դպրոցը:

Նախկին նախարար Վիգեն Սարգսյանին խիստ վրդովեցրել է նոր կառավարության այս մտադրությունը․ Պաշտպանության նախարարությունից այս կառույցը վերցնելը նա համարում է «բարձունք հանձնել»:

«Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված վարժարանի գույքը: Համարել են, որ դա բանակին, հատկապես կուրսանտներին շատ կլինի: Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն, ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է... Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն», - ֆեյբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարարը։

Նարեկ Բաբայանը հակադարձում է, թե շենքը կարող են վերցնել Մոնթե Մելքանյանի անվան վարժարանից, վարժարանի սաների համար հարմարավետ այլ շենք գտնելուց կամ կառուցելուց հետո միայն․ - «Էն, ինչ որ արվել ա, շատ լավ բոլորը գիտեն՝ կառուցվում էր ՊԵԿ-ի համար որպես առողջարանային, ուսումնական և այլ կենտրոն, ապրիլյանի պատերազմից հետո, հաշվի առնելով էդ ֆոնը և ժողովրդի ցասումը, որ այսքան միլիոնավոր դոլարներ ծախսվել ա, տրվել ա էդ ժամանակ շատ վատ գույքային պայմաններ ունեցող վարժարանին: Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է լավ պայմաններով ապահովվի վարժարանը: Պետք է, այո, լողի հնարավորություններ էլ ունենան, բոլոր տեսակի հնարավորություններ էլ ունենան: Բայց դա չի նշանակում, որ մինչև հարյուր հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի ութ հեկտարանոց տարածք»:

Բաբայանը հավելեց, որ վարժարանը միայն այդ շենքի պահպանության համար իր ոչ մեծ բյուջեից տարեկան ծախսում է ավելի քան 120 միլիոն դրամ։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Պաշտպանության նախարարությունում կիսում են Նարեկ Բաբայանի կարծիքը, որ Դիլիջանում կառուցված շենքն այնքան հարմար չէ որպես ռազմամարզական վարժարան:

Բաբայանի արձագանքը․ - «Պաշտպանության նախարարի, փոխնախարարի հետ խոսել եմ: Բնականաբար, համակարծիք են, բնականաբար, հսկայական միջոցներ ա ծախսվում: Էս էն տարբերակը չի, որ ամեն մեկը իր կողմն ա քաշում և ընդհանրապես պետական շահը հաշվի չի առնվում»:

Վիգեն Սարգսյանը մինչդեռ իր էջում կոչ է արել «ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել Պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից»։

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն «Ազատության» հետ զրույցում առանց ներկայանալու նշեց, որ շենքը փոխելու հարց է առաջացել ոչ միայն դրա պահպանության մեծ ծախսերի, այլև ուրիշ խնդիրների պատճառով․ - «5 աստղանի հյուրանոց հիշեցնող վարժարանում սովորող տղաները ավելի ուշ պետք է անցնեն սպայական ծառայության արդեն բարդ պայմաններում, իսկ նախարարությունում մտավախություն կա, որ հանգստյան գոտի հիշեցնող տարածքում ուսումնառությունն անցնելուց հետո նրանք պարզապես կհրաժարվեն սպա դառնալու մտադրությունից»: