Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Երբ որ շարժը սկսվեց՝ ոստիկաններ-ժողովուրդ, այնպես ստացվեց, որ հետ եկան և տիկին Զոհրաբյանն ընկավ, ես եմ հանել նրան ժողովրդի միջից։ Ոտքն էր վնասվել, բավականին շոկ ապրեց, և պարզ է, որ տիկին Զոհրաբյանին շուտափույթ տարանք այստեղից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ իրենց այստեղ գտնվելու միակ նպատակն այն է, որ պետք է լինի երկխոսություն, միմյանց նկատմամբ հարգանք։
Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։
Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Իրավիճակն Օպերայի հարակից տարածքում շարունակում է մնալ լարված։