«Մանաֆորտի շուրջ ստեղծված իրավիճակն ինձ ցավ է պատճառում». Թրամփ

Դոնալդ Թրամփ, Փոլ Մանաֆորտ, արխիվ

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը առնվազն 7,5 տարի կանցկացնի ճաղերի ետևում: Դա պարզ դարձավ երեկ Վաշինգտոնի դաշնային դատարանի հրապարակած վճռից հետո, որով ամերիկացի երբեմնի ամենաազդեցիկ լոբբիստներից մեկը դատապարտվեց հավելյալ 43 ամսվա ազատազրկման:

Դատավոր Էմի Բերման Ջեքսոնը Մանաֆորտին մեղավոր ճանաչեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի կողմից իրականացվող հետաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներով հանդես գալու և վկաներին ահաբեկելու համար: Իրավապահների պնդմամբ՝ տարիներ առաջ Մանաֆորտը նաև անօրինական լոբբիստական գործունեություն է ծավալել հօգուտ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի` խախտելով ամերիկյան օրենսդրությունը:

Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանը Մանաֆորտին արդեն իսկ դատապարտել էր շուրջ չորս տարվա ազատազրկման` Ուկրաինայում աշխատանքի ընթացքում ֆինանսական չարաշահումներ թույլ տալու և ամերիկյան հարկային օրենսդրության կոպիտ խախտումների համար:

Փաստաբանների պնդմամբ, սակայն, դատական համակարգը Մանաֆորտի հանդեպ կողմնակալ դիրքորոշում է որդեգրել` անտեսելով պաշտպանական կողմի բոլոր փաստարկները:

«Ես կարծում եմ, որ դատավորն աներևակայելի թշնամական դիրքորոշում էր որդեգրել պարոն Մանաֆորտի հանդեպ: Նա դաժանության մի այնպիսի մակարդակ ցուցաբերեց, որ ես չէի տեսել վերջին 15 տարիների ընթացքում», - Վաշինգտոնի դատարանում վճռի հրապարակումից անմիջապես հետո հայտարարում էր Փոլ Մանաֆորտի փաստաբան Քևին Դաունինգը:

Վաշինգտոնի դատարանի վճռի հրապարակումից մի քանի ժամ անց Մանաֆորտի նախկին վերադասը` Դոնալդ Թրամփը, մեկնաբանեց նրա ազատազրկման վճիռը` ափսոսանք հայտնելով, որ ամերիկացի ամենափորձառու քաղաքական խորհրդատուներից ու լոբբիստներից մեկը հայտնվել է նման աննախանձելի վիճակում:

«Ես խիստ ցավում եմ Փոլ Մանաֆորտի համար: Դուք գիտեք՝ նա ժամանակին մեծ հաջողությամբ աշխատել է Ռոնալդ Ռեյգանի օգտին, աշխատել է նաև Ջոն ՄըքՔեյնի, Բոբ Դոուլի, շատ ուրիշների հետ, և ես իրոք ցավում եմ նրա համար: Զուտ մարդկայնորեն դա շատ տխուր մի իրավիճակ է», - չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նշում էր ԱՄՆ նախագահը:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, ի դեպ, գրում էին, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտվել Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից` ներում շնորհելով Մանաֆորտին: Դատավճռի հրապարակմանը հաջորդած սրընթաց զարգացումները, սակայն, նման սցենարը գրեթե անհավանական դարձրեցին: Չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը Մանաֆորտին ևս 16 մեղադրանք է առաջադրել: Դատախազ Սայրուս Վենսի պնդմամբ՝ Մանաֆորտը 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2017-ի հունվար ժամանակահատվածում Նյու Յորքի հիփոթեքային շուկայում մի շարք կեղծ սխեմաներ է կիրառել` միլիոնավոր դոլարների անօրինական եկամուտ ստանալով: Եթե Մանաֆորտը այս նոր մեղադրանքի հիման վրա ևս մեղավոր ճանաչվի, Թրամփն այլևս չի կարողանա նրան ներում շնորհել: Բանն այն է, որ նախագահն իրավունք ունի ներում շնորհել միայն այսպես կոչված «դաշնային մակարդակի հանցագործությունների» համար: Այժմ, մինչդեռ, Մանաֆորտի դեմ մեղադրանքներ են առաջադրել ոչ թե դաշնային մարմինները, այլ Նյու Յորք նահանգը, ինչն արգելափակում է Թրամփի միջամտության բոլոր հնարավորությունները: