«Այսօր ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը». Մարության

Հայկ Մարության, արխիվ

«Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը», - այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշել է, որ սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական:

«Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը», - գրել է քաղաքապետը:

Նշենք, որ երեկվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը սրճարանների աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:

Նրանք այսօր, ի նշան բողոքի, փակել են Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ չի հասկանում թե ինչու են սրճարանների աշխատակիցները քաղաքապետարանի գործողություններն անսպասելի գնահատում․ - «Փետրվարի 13-ին ուղարկվել է ծանուցում տնտեսվարողներին՝ խնդրելով որ ողջամիտ ժամկետներում ազատել իրենց գույքը, նաև մաքրել տարածքը ինքնակամ կառույցներից: Ողջամիտ ժամկետն անցել է»: