Վաշինգտոնի դատարանը Փոլ Մանաֆորտին երեկ դատապարտեց 3.5 տարվա ազատազրկման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտ, արխիվ

Վաշինգտոնի դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին երեկ դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման։

Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել Միացյալ Նահանգների դեմ դավադրության և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շահերի ապօրինի լոբբինգ կազմակերպելու համար։

Մանաֆորտին մեղավոր են ճանաչել նաև ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին կեղծ ցուցմունքներ, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով վկաներին ահաբեկելու մեջ։

Դատավարության ժամանակ Թրամփի նախկին թիմակիցը ներողություն է խնդրել դատարանից՝ իր գործողությունների համար։

Անցած շաբաթ, հիշեցնենք, Վիրջինիա նահանգի դատարանը Մանաֆորտին դատապարտել էր մոտ 4 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայում քաղաքական խորհրդատու աշխատելու տարիներին ֆինանսական և հարկային հանցագործությունների համար։

Այսպիսով՝ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի եկամուտների սխեմաներ։ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել և ընդհանուր առմամբ դատապարտվել 7.5 տարվա ազատազրկման։

Մյուլերի խումբը պնդում է, որ Մանաֆորտը մի շարք ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել՝ առնվազն 30 միլիոն դոլարի լվացում, ինչպես նաև Վիկտոր Յանուկովիչի համար տարվող աշխատանքների ընթացքում չի հետևել ամերիկյան օրենսդրության պահանջներին և չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ի պաշտոնե կարող է ներում շնորհել իր նախկին թիմակցին, սակայն, Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Թրամփն այս հարցում իր որոշման մասին կհայտարարի, երբ պատրաստ լինի։