Նախկին իշխանությունների այն մեղադրանքները, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն իր մեջ վտանգներ է ներառում և կարող է բանակցային գործող ընթացակարգը խարխլել, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներքին քաղաքական շահարկումների դաշտից է համարում։
Մայիլյանի կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունները հարցի շուրջ կառուցողական մոտեցում են ցուցաբերում։
«Չեմ կարծում, որ նման զարգացում կլինի, որովհետև Հայաստանի նոր իշխանություններն, իմ կարծիքով, կառուցողական մոտեցում են ցուցաբերում, իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել բանակցություններին, ավելի շուտ այդ հանդիպումներին, որովհետև լիարժեք չեն կարող լինել այդ բանակցություններն առանց Արցախի մասնակցության, և դա խոսում է նրա մասին, որ Հայաստանը ոչ թե նախապայման է դնում Արցախի մասնակցությունն, այլ ասում է, որ իրենք խոսելու են Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է, և նման մեղադրանքները, կարծում եմ, ներքին քաղաքական շահարկումների դաշտից են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարարը։
Մայիլյանը նշեց՝ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից։
«Պետք են նոր իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում», - ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով հրաժարվել սկզբունքներից, խոսքը Մադրիդյա՞ն սկզբունքների մասին է, Մայիլյանը պատասխանեց. - «Ես ասում եմ, որ այդ սկզբունքները և այս վերջին 27 տարիների ընթացքում տարբեր առաջարկները, որ եղել են և որոնք սեղանին են, դրանք հնացած են, պետք է վերանայվի»։