Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Այս օրինագծով մինչև մայիսի 1-ը կթույլատրվի ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված մոտ 1000 աջ ղեկով մեքենա։
Ազգային ժողովում նախագծի մասին հիմնական զեկուցողը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, մանրամասնեց. - «Այո, հստակ նշված է ձեռք բերում, ոչ թե վճարում, որպեսզի մենք կարողանանք խուսափել հետագայում որևէ կերպ շահարկումներից: Դա նշանակում է, որ մաքսային մարմինը պետք է համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո արձանագրի, որ այդ գույքը ձեռք է բերված ձեռք բերված մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկեց մեկ ամսով հետաձգել սահմանված ժամկետը․ - «Եթե հիմնավորում դա է, որ դա վտանգավոր ա, մենք ի՞նչ ենք անելու արդեն իսկ Հայաստանում շահագործվող տասնյակ հազարավոր աջ ղեկով մեքենաների հետ: Դուք չե՞ք մտածել վերանայել ընդհանրապես էս օրենքի ընդունման, էս օրենքի գոյության անհրաժեշտությունը: Էդ նշանակում ա, փոխաբերական իմաստով ասեմ․ ոնց որ պարզվի, որ ինչ-որ մի ժամանակ այսինչ դեղորայքը վնասակար ա մարդու համար, մենք արգելենք էդ դեղորայքը, բայց ասենք՝ էն հարյուր հազարները, որ արդեն օգտագործում են, թող շարունակեն օգտագործել: Հարգելիս, եթե դա իսկապես վտանգ ա ներկայացնում, ուրեմն պետք է ընդհանրապես մտածենք էդ երևույթը շրջանցելու մասին»:
Նախարարը շեշտեց, որ կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով մեքենաների ներկրման մասով, և օրենքի փոփոխություն այլևս չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է արդեն շահագործվող մեքենաներին, վստահեցրեց՝ այդ վարորդների համար որևէ խոչընդոտ չի լինելու․ - «Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ձեռք են բերել և սեփականության իրավունքով տնօրինում են այդ մեքենաները, մենք պետք է թույլ տանք, որպեսզի իրենք շահագործեն, ավելորդ խնդիրներ չառաջացնենք իրենց համար»:
Ըստ Հակոբ Արշակյանի, այս կերպ փորձում են լուծել մաքսակետերում կուտակված և արդեն դեպի Հայաստան ուղարկվող մեքենաների հարցը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխություններով խորհրդարանը հերթական անգամ ընդառաջ է գնում քաղաքացիներին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքույանն անդրադարձավ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Եվրասիական մաքսատուրքերին, որոնք, ըստ նրա, 4,5 անգամ թանկացնելու են մեքենաների գները Հայաստանում։ Կառավարությանն առաջարկեց բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում, որպեսզի խուսափենք այդ թանկացումներից․ - «Թե չէ մենք կկորցնենք նվազագույնը մոտ 50 միլիոն դոլար: Մենք ամեն մի դրամը հաշվարկում ենք, բայց միայն էս գործարքի չեղյալ անելուց նվազագույնը 50 միլիոն դոլար մենք մաքսատուրքերի մասով կորցնելու ենք»: