Այս գործով ներգրավվել է ևս 5 մեղադրյալ: Կալանավորված է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը, դատարանը երկու ամսով երկարացրել է նրա կալանքի ժամկետն ու մերժել գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Մյուս չորսը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ըստ իրավապահների, դիտավորությամբ օգտագործել է իր դիրքը ծառայության շահերին հակառակ: Քննչական կոմիտեի տվյալներով, այս պահին պետությանը պատճառված վնասը գերազանցում է 200 մլն դրամը:
«Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերն անվերապահորեն ստորագրել՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից: Իսկ մեծ մասին այդ փաստաթղթերը նրա ցուցումով ընդհանրապես չեն ներկայացվել: Ինչպես նաև ՊՈԱԿ-ի տնօրենը բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվներին հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլյոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարված այցելությունների համար գումար, որի արդյունքում 2015-2017 թվականներին թվով 40 անձանց առանց որևէ իրավական հիմքի առկայության փոխանցվել է ընդհանուր 3 միլիոն 341 հազար դրամ՝ կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս», - «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս չարաշահումների մասին իր ունեցած փաստերը դեռ նախորդ տարի էր փոխանցել իրավապահներին:
«Ես վստահ եմ, որ Քննչական կոմիտեն այդ կծիկը կքանդի մինչև վերջ և մինչև վեր՝ ինչքան որ պատասխանատվության մակարդակն ա էն պաշտոնյաների եղել, ովքեր որ էդ գործով պետք ա շահագրգռված լինեին կամ ապահովեին, որ ոչ մի չարաշահում տեղի չունենար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թորոսյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ այն ժամանակվա նախարարը տեղյակ չլիներ, Արսեն Թորոսյանն արձագանքեց․ - «Չեմ ուզում ենթադրություններ անել ու անմեղության կանխավարկած խախտել, բայց կարծում եմ, որ Քննչական կոմիտեն ոչ մի կաշկանդվածություն չի ունենա այդ ամեն ինչը պարզելու»:
Երկու օր շարունակ մեզ չհաջողվեց կամ հաստատել Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի հետ, իսկ նրա փաստաբան Ռոբերտ Ահարոնյանը հրաժարվեց հարցազրույցից՝ նշելով, թե իրենց ասելիքը դատարանում կասեն:
«Հետք»-ի հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանի համար այս քրեական գործի հարուցումն անակնկալ չէր: Լրագրողը պարբերաբար անդրադարձել է Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգայի կենտրոնի անարդյունավետ ծախսերին: Իր հոդվածներում, մասնավորապես, ընդգծել է, որ դրանք ուղղվել են փոխնախարարի անձնական նպատակներին:
Բալասանյանն ասաց, որ իր հոդվածների հրապարակումից հետո հերքում պահանջողներ չեն եղել․ - «Գումարների մի մասը գնում էր հենց իր որդու ղեկավարած հիվանդանոց և այլն: Այդ առումով անակնկալ չէր, բայց ուշացաշ էր: Որովհետև երբ որ 2015 թվականին գրեցինք, մտածում էի, որ գոնե իրավապահ մարմինները կզբաղվեն, կամ կառավարության համապատասխան մարմինները ուսումնասիրություններ կկատարեն: Գուցե ուսումնասիրություն կատարել են, բայց, հաշվի առնելով այդ ժամանակ իշխող կուսակցության դիրքորոշումը և իր կուսակիցներին ատամներով պահելու վարքագիծը, ուղղակի մնացին որոշ մարդիկ անպատիժ»:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ Վահան Պողոսյանը նախկին նախարար Արմեն Մուրադյանի 2014-ի հրամանով է համակարգել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Իսկ ահա 2016-ին՝ նախկին նախարար Լևոն Ալթունյանի ղեկավարման օրոք, դադարեցվել են Պողոսյանի փոխնախարարի լիազրությունները՝ այդ թվում նաև այս ծրագրերի համակարգումը:
Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն այժմ Երևանի պետական բժկական համալսարանի ռեկտորն է: Բուհի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նրա պաշտոնավարման օրոք 4 փոխնախարար է աշխատել, բոլորին կոնկրետ ոլորտային պատասխանատվություններ են բաշխվել, իսկ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գործունեությունը կազմակերպում է ինքնուրույն՝ հանձինս տնօրենի:
Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ Արմեն Մուրադյանն այս քրեական գործով կարգավիճակ չունի հետևաբար չի հարցաքննվել: