«Սասնա ծռեր» խմբի գործով այսօր դատարանում էր ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի նախկին հրամանատար Խաչիկ Ավետիսյանը` տուժողի կարգավիճակում: Նա միակ ցուցմունք տվողը չէր, բայց կրքերը բորբոքվեցին իր և ամբաստանյալների հարցուպատասխանի փուլում:
Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը վիրավորեց ՊՊԾ գնդի նախկին պետին, բանը կհասներ ձեռնամարտի, եթե կարգադրիչները չմիջամտեին:
ՊՊԾ գունդը գրոհելու ժամանակ Խաչիկ Ավետիսյանը այնտեղ չի եղել: Ահազանգը ստանալուն պես շտապել է այնտեղ: Գնդի տարածք չի մտել: Ասաց, որ ավելի ուշ տեսել է, որ ոստիկանական պատնեշից դուրս զրահամեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել․ - «Հերթապահ մասի վրա կային կրակածի հետքեր․․․ Զինանոցը ամբողջությամբ դատարկված ա եղել, զենք-զինամթերքը ամբողջովին շաղ տված ա եղել գնդի տարածքով»:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցին, թե արդյոք Ավետիսյանն իրեն տուժող ճանաչում է և որ փաստով, Ավետիսյանը հարցով հակադարձեց․ - «Զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք վիրավոր մնա ներսը: Ու Դուք էդքանից հետո հարցնում եք՝ ո՞նց եք դուք ձեզ համարում․․․ Ես չեմ ուզում հարցնեմ՝ եթե Ձեր մերձավորին կամ հարազատին սպանեին, Դուք ոնց կվերաբերվեիք»:
ՊՊԾ գնդի նախկին պետին ուղղվեցին նաև գործին չառնչվող հարցեր: Օրինակ, գնդի չհրկիզվող պահարաններում հայտնաբերված կասկածելի զենքերի, փողի ու ցուցակների մասին:
«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված են Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Մյուսները հեղափոխությունից հետո գրավի դիմաց ազատ են արձակվել:
ՊՊԾ գնդի տարածքը, զոհվել էր երեք ոստիկան: Յուրի Տեփանոսյանի և գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:
Խաչիկ Ավետիսյանն ասաց, թե Գագիկ Մկրտչյանին այդ օրը տեսել է, բայց նա զրույցի ի վիճակի չի եղել․ ֊ «Որովայնի հատվածից էր վիրավորված, ձեռքով պահում էր վերքը: Օգնում էին, որ տեղափոխվի դեպի էնտեղ կայանված շտապօգնության մեքենան: Իսկ գնդապետ Վանոյանի դիակը ժամեր անց են դուրս բերել շտապօգնությունով»:
Այսօր ոչ պակաս թեժ էր նաև դահլիճից դուրս: «Սասնա ծռերի» աջակիցները դատարան էին եկել երթով՝ պաստառներով ու դրոշներով: Առիթը Սմբատ Բարսեղյանի տաեդարձն էր: Շնորհավորանքներն ու պահանջները դահլիճից դուրս հնչեցին, քանի որ դատարանի նկատմամբ անհարգալից պահվածքի համար նախորդ նիստին նրանց նկատմամբ սանկցիա է կիրառվել: