ԵԽԽՎ համազեկուցողներ․ ԱԺ արտահերթ ընտրությունները լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային գործընթացն է կարևորել վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Վարչապետը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Իր կառավարության առաջնահերթությունների թվում Փաշինյանը նշել է, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունը, օրենքի գերակայության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կառավարման համակարգի արդիականացումը, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը, և հավելել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա՝ քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ, երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:

Համազեկուցողների խնդրանքով վարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: