«Նոր շրջան է սկսվում ղարաբաղյան բանակցություններում». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նոր շրջան է սկսվում ղարաբաղյան բանակցություններում։

«Ազատության» հետ զրույցում Բադալյանը նշեց՝ դրվեց բավական պատասխանատու նշաձող, որից հետ դառնալն արդեն չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։

«Արցախում բավական հիմնարար և հայեցակարգային ձևով մատուցվեց Հայաստանի նոր մոտեցումը և նոր բովանդակության առաջարկները՝ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս պրոցեսը գործնականում կարող ենք սկսած համարել նույնիսկ Գերմանիա այցից՝ փետրվարի 1-ին՝ Բեռլինից հետո, որը շարունակվեց Իրանում և հիմա արդեն կոնցեպտուալ առումով ներկայացվեց Ստեփանակերտում՝ Արցախի մայրաքաղաքում, երկու հայկական պետականությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Սա շրջադարձային կետ է», - ասաց Բադալյանը։

Արցախում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց. - «Անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, և ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձևավորմանը»։

Բադալյանը կարևորեց նաև Բակո Սահակյանի այս հայտարարությունը։ «Այսինքն՝ այստեղ նշվում էր, ակնարկվում էր, որ սա համահայկական խնդիր է դառնում։ Այսինքն՝ այն բովանդակությունը, որը մատուցվում է, դա դառնում է համահայկական խնդիր, և դա նշանակում է, որ սփյուռքյան կառույցներն այսուհետև պետք է աշխատեն էդ բովանդակության ուղղությամբ։ Սրանք բավական լուրջ ազդակներ էին, որ եղան ուժային կենտրոններին, և այս ուղղությամբ, բնականաբար, պետք է աշխատեն հետագայում։ Շրջադարձային էր այն իմաստով, որ ներկայացվեց մի փաթեթ, որը հետդարձի կետից արդեն այնկողմ է, այսինքն՝ բավական պատասխանատու նշաձող, որից հետ դառնալն արդեն չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար։ Մյուս կողմից, այս նշաձողը վկայում է, որ Հայաստանի նոր իշխանությունը բավական լավ գիտակցում է արցախյան խնդրի նշանակությունը ընդհանրապես պետականության զարգացման տեսանկյունից, և թողնել իրավիճակը հենց նախկին տրամաբանության մեջ՝ դա նշանակում էր պարզապես ական դնել հենց Հայաստանում քաղաքական փոփոխությունների հեռանկարի տակ։ Այս իմաստով, կարծում եմ, որ հիմա առավել ևս պետք է կենտրոնանալ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տնտեսական ներուժի վրա», - նշեց քաղաքական վերլուծաբանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ երեկ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: