Բրիտանիայի խորհրդարանը վերստին մերժեց Բրեքզիթի ծրագիրը

Բրեքզիթի կողմնակիցների և ընդդիմախոսների ցույցը Բրիտանիայի խորհրդարանի մոտ, Լոնդոն,12-ը մարտի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանն այսօր երկրորդ անգամ մերժեց Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով Բրեքզիթի համաձայնությունը: Վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած նախագիծը չի ընդունվել քվեների 391 դեմ և 242 կողմ հարաբերակցությամբ:

Մեյի ներկայացրած Բրեքզիթի առաջին տարբերակը խորհրդարանը մերժել է այս տարվա հունվարին:

Այժմ մնում է երկու հնարավորություն՝ խորհրդարանը կարող է վճռել, որ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից դուրս է գալիս առանց որևէ համաձայնագրի, կամ դիմել Բրյուսելին Բրեքզիթը միառժամանակ հետաձգելու խնդրանքով:

Եվրոպական միության ղեկավարները հայտնել են, որ նոր քննարկումների տարբերակը մերժում են:

Չի բացառվում, որ Բրիտանիայի խորհրդարանական ընդդիմությունը կարծարծի վարչապետ Մեյի հրաժարականի հարցը: