Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» հոլդինգի տնօրենների խորհրդի 7-հոգանոց կազմը, որում ընդգրկված է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խորհրդի մյուս անդամներն են Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեքսլերը, Էներգետիկայի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, «Զարուբեժնեֆտ»-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Միխայիլ Սոկոլովը և Ռուսաստանի էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը: «Զարուբեժնեֆտ»-ի պաշտոնական կայքում արդեն կա տնօրենների խորհրդի անդամների ցուցակը, որտեղ նշված է նաև, որ Կարապետյանը հոլդինգի բաժնետոմսեր չունի:
«Զարուբեժնեֆտ»-ը ռուսական պետական բաժնետիրական ընկերություն է, որն ունի ռազմավարական նշանակություն երկրի համար: Այն ստեղծվել է դեռևս 1967 թվականին՝ Խորհրդային Միության բարեկամ երկրներում նավթային ոլորտի կայացմանը աջակցելու նպատակով: 2007-ից ընկերությունն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը և այսօր նավթավերամշակման ծրագրեր է իրականացնում այդ թվում նաև Բալկանյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում և Վիետնամում:
Հիշեցնենք, մինչև Հայաստանի վարչապետ նշանակվելը՝ 2011-16 թվականներին Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահն էր, մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և մեկ տարի աշխատել է որպես Երևանի քաղաքապետ, 2016-18 թվականներին էլ Հայաստանի վարչապետն էր: