Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումն է ներկայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այսօր ընդունելով Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը։
Մնացականյանը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: