Բողոքի են ելել գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների, գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները

Սպասվող հարկային փոփոխությունների դեմ կառավարության դիմաց միաժամանակ երկու ցույց էր ընթանում: Այստեղ էին գազավորված ըմպելիքներ արտադրող «Հայ կոլա» ընկերության աշխատակիցները և գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի սեփականատերերը:

Առաջինները պահանջում են վերանայել Հարկային օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությունները, որոնց համաձայն շաքարի, համային ու հոտային հավելումներ պարունակող գազավորված ըմպելիքների նկատմամբ ակցիզային հարկ կկիրառվի:

Ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանի խոսքով, փոփոխությունների հաստատման դեպքում հարյուրավոր աշխատակիցներ գործազուրկ կդառնան․ - «Մեր պարագայում 30-40 տոկոս թանկացում ենք մենք սպասում: Միաժամանակ վաճառը մեր 40 տոկոս անկում ենք ակնկալում: Հիմա մենք շահույթ որպես այդպիսին չունենք: Պատկերացնո՞ւմ եք, 40 տոկոս անկում լինի, 100 հոգուց մի 60 հոգի պիտի կրճատենք, որ 40 հոգի թողնենք, որ կարանանք յոլա գնանք»:

Հովսեփյանն ասաց, թե թանկ սեգմենտի ըմպելիքներ արտադրող ընկերությունների հարկային բեռն այնքան էլ ծանր լինի՝ կունենան 11-15 տոկոս թանկացում․ - «Այսինքն, շահեկան դիրքում կլինեն թանկ ապրանք վաճառողները: Էկոնոմ և փոքր սեգմենտի ապրանք վաճառողները միանշանակ ահավոր տուժելու են: Ըմպելիք արտադրող տարբեր կազմակերպություններ կմիանան մեր պահանջին, որովհետև սա մենակ մեր խնդիրը չի: Ես կարծում եմ, նաև սպառողներ կմիանան, որոնց համար թանկացումը շատ ակտուալ ա լինելու․․․ Թանկացնելով տնտեսություն չեն պահում»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով, ակցիզային հարկի բարձրացումից առաջին հերթին կտուժեն հենց սպառողները․ - «170 դրամի պարագայում 50 դրամը կտրուկ ա․․․ սա կտրուկ թանկացում ա: Սա բերելու ա կա՛մ որակի էական անկման․․․ բնականաբար արտադրողները սրա մասին չեն խոսելու, բայց իրականում պետությունը պետք ա էս ռիսկը գնահատի: Որովհետև եթե շուկան այդուհանդերձ ունեցավ էս 200 կամ 170 դրամանոց ապրանքի պահանջարկը, ինքն իրեն էս բացը լրացվելու ա: Իսկ ինքն իրեն էս բացը լրացվելու ա, բնականաբար, ապրանքի՝ շատ ավելի ցածր որակի լինելու հաշվին»:

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի սեփականատերերի բողոքի պատճառը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կենտրոնական բանկի առաջարկած նախագիծն է, որի հաստատման դեպքում այս ոլորտներում գործունեություն իրականացնողների պետտուրքի տարեկան դրույքը կտրուկ կավելանա: Նախագծի համաձայն, գրավատների դեպքում պետտուրքը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, իսկ տարադրամի փոխանակման կետերի պարագայում 50 հազարը կդառնա 3 միլիոն դրամ:

«Էսօրվա տարադրամի փոխանակման կետերի 80 տոկոսը այդ 300 հազարը, որ ամսական ավելացնելու են տուրքը, էդքան շահույթ չունեն: Ինքը փաստորեն զրկում ա շահույթի լրիվ աղբյուրից», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:

Ակցիայի մասնակիցները փոփոխությունն անհամաչափ են համարում, քանի որ բանկերի և վարկային կազմակերպությունների դեպքում պետտուրքը կավելանա ընդամենը 2,2 անգամ:

«Մեզ 2,2-ի փոխարեն բարձրացնում են 60 անգամ, այսինքն՝ 6 հազար տոկոսով: Կհանգեցնի մենաշնորհի, կհանգեցնի տոկոսների բարձրացման, կհանգեցնի մանր ու միջին բիզնեսի վերացման էս ոլորտում, խոշորների՝ է՛լ ավելի խոշորացման», - ասաց ցուցարարներից մեկը:

Ակցիայի մասնակիցները սպասում էին Ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանին, սակայն նրանց լսելու եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․ - «Ես չեմ կարող հիմա սրա պատասխանը տամ: Բայց ես ձեզ խոստանում եմ իմ գործընկերների հետ այս ամենը քննարկել: Ոչ միայն Ազգային ժողովի, այլև իմ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ կքննարկեմ, կասեմ, որ սենց խնդիր կա, ու հիմնավորումները կլինեն»:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ գրավատների, տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչներին հուզող խնդրին՝ ասելով, որ ինքը նույնպես խնդիրներ տեսնում է և արդեն մասնագետի հետ է պայմանավորվել՝ հարցը քննարկելու համար: