Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է, որ 25 ոստիկան է վիրավորվել Կիևում և Չերկասիում ազգայնական ցուցարարների հետ բախումների ընթացքում:
Մայրաքաղաքում շաբաթ օրը ընդհարման է վերածվել «Ազգային կորպուսի» ակտիվիստների ցույցը նախագահական նստավայրի մոտ, արդյունքում երեք ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել:
Չերկասիում նույն կազմակերպության անդամները փորձել են հարձակվել Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա՝ Պետրո Պորոշենկոյի նախընտրական ելույթից հետո։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ այստեղ բախման հետևանքով 22 ոստիկաններ են վիրավորվել, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։
Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նշանակված են մարտի 31-ին: