Լոռու մարզպետը դժգոհ է՝ պետբյուջեից հատկացվող գումարի միայն մեկ տասներորդ մասը կարող են մարզ բերել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցության ժամանակ, արխիվ

Լոռու մարզի 56 համայնքներից միայն 19-ն են ծրագիր ներկայացրել մարզպետարան՝ օգտվելու պետության հաշվին մարզերում տարբեր խնդիրներ լուծելու համար հատկացված 10 միլիարդ դրամից։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է՝ համայնքների պասիվության պատճառով պետբյուջեից հատկացվող գումարի միայն մեկ տասներորդ մասը կարող են մարզ բերել։ Վատ ճանապարհներ, մաշված բնակֆոնդ ու բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեցող 56 համայնքների երկու երրորդը բնակիչներին զրկել է դրական փոփոխությունների հնարավորությունից, ասաց մարզի ղեկավարը։

«Ունենք համայնքներ, որ շատ ակտիվ են, ունենք համայնքներ, որ ընդհանրապես չունեն որևէ ծրագիր, այսինքն մի ամբողջ տարվա մեջ համայնքում որևէ ծրագիր չեն պատկերացնում, որ հնարավոր է իրականացնել», - նշեց Ղուկասյանը։

Պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցում են նաև համայնքները՝ ընդհանուր գումարի առնվազն 40 տոկոսի չափով։ Համայնքների ղեկավարներն արդարանում են՝ ֆինանսավորմանը մասնակցելու համար բյուջեում փող չունեն։

Մարզպետը հատ առ հատ թվարկում է ծրագիր չունեցող համայնքներն ու մատնացույց անում նրանց տասնյակ միլիոնանոց բյուջեները։ Անգամ խոշորացված համայնքներում, որոնց տարեկան բյուջեն հարյուրավոր միլիոնների է հասնում, խնդիրներ լուծելու ծրագրեր չեն ծնվում։ «Կրճատեք ուռճացված ծախսերն ու միջոցներ հատկացրեք ճանապարհ կամ մանկապարտեզ նորոգելուն», - համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Անդրեյ Ղուկասյանը։

«Շատ-շատ օղակներ կան՝ ուռճացված հաստիքացուցակով և այլն, կրճատեք, արեք, բա ո՞նց էդ համայնքի բնակիչներին բացատրենք, որ տարվա կտրվածքում մի ծրագիր ենք անում ու 25 միլիոն դրամի՝ ունենալով մեծ, խոշորացված համայնք։ Էդ ամեն ինչը ո՞նց ձևակերպենք, մարդկանց ի՞նչ ասենք, ասենք՝ մենք չենք կարողանո՞ւմ որևէ բան անել մի տարվա ընթացքում», - նշեց Լոռու մարզպետը։

Մարզպետարանը դեռ կվերանայի ներկայացված ծրագրերը, իսկ կառավարությունը վերջնական կգնահատի դրանց վրա գումար ծախսել-չծախսելու նպատակահարմարությունը։ Համայնքների ղեկավարները հավաստիացնում են, թե ավագանին ու համայնքի բնակիչներն են որոշում՝ ինչ առաջնահերթ ծրագիր իրականացնել ու որքան ներդրում անել։ Օրինակ՝ մոտ 800 բնակիչ ունեցող Եղեգնուտը ծրագիր չի ներկայացրել։ Գյուղապետ Մուշեղ Հովհաննիսյանն ասում է՝ անցած տարի գյուղում հանդիսությունների սրահ են կառուցել։ Կահավորելու խնդիր ունեն։ Բյուջեում ունեցած փոքրիկ միջոցները դրան կհատկացնեն։

«Համայնքի բնակչությունը գտել է, որ սրահի կառուցումը անհրաժեշտություն է, թեքվել ենք դրան», - ասաց Եղեգնուտի համայնքապետը։

«Ազատության» հարցին, թե տարվա մեջ քանի՞ հարսանիք են ունենում, պատասխանեց. «Ինչո՞ւ մենակ հարսանիք՝ դժբախտ դեպքեր են, մահեր են։ Օրինակ, անցյալ տարի մենք 16 թաղում ենք ունեցել ընդամենը յոթ ծնունդի դիմաց, երևի մի հինգ հարսանիք, բայց դրսերն ա եղել»։

Պետական բյուջեից հատկացվող գումարները Լոռու մարզի համայնքներ հասցնելու հնարավորությունից օգտվելու վերջնաժամկետը առաջիկա երկուշաբթին է։ Հնարավոր է՝ դեռ մեկ-երկու ծրագիր ավելանա։ Լոռու մարզպետը շեշտում է, որ նման ծրագրերին ավելի մեծ ծավալներով մասնակցելու համար կարևոր է համայնքների խոշորացումը, որի պարագայում կմեծանան նաև տեղական բյուջեի հնարավորությունները։ Մինչ այդ մարզպետը հորդորում է համայնքների ղեկավարներին. «Հավաքեք հարկերը, մեծացրեք համայնքի եկամուտները կամ հրաժեշտ տվեք պաշտոնին»։

«Եթե չի ստացվում ձեր մոտ մի բան, ասեք՝ չի ստացվում, խոստովանեք և լքեք ձեր պաշտոնները։ Նման վերաբերմունքը անթույլատրելի է ու չի լինելու», - ընդգծեց Անդրեյ Ղուկասյանը։