2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
Մինչդեռ, լրագրող Թեհմինե Ենոքյանը պնդում է՝ ինքն անձամբ տեսանկարահանել է մոտ 40 անձանց, ովքեր նույն օրը բռնություն են իրականացրել և՛ իր նկատմամբ, և՛ այլ քաղաքացիների։
«Էս ամբողջ Բաղրամյան պողոտան բոլորին հավաքել էին, ինչքան մարդ կար լցրել էին էդ մեծ մեքենաները և տանում էին։ Էդ ժամանակ երկու ոստիկան հարձակվել էին իմ վրա՝ մեկը մյուսին ասում էր՝ «չխփես», իսկ մյուսը խփում էր ինձ։ Մեջքիս էին հարվածում, տեսախցիկս էին փորձում ձեռքիցս վերցնել, փորձում էին տանել, մտցնել մեքենա՝ չկարողացան։ Ես հետո իջա ներքև, որպեսզի հասկանամ կոլեգաներս որտեղ են, ինչ է տեղի ունենում ներքևի հատվածում, այդտեղ ոստիկան կար առանց ոստիկանական համազգեստի, հայհոյանք հնչեցրեց իմ հասցեին երեք անգամ, երկրորդ անգամ ես տեսախցիկը միացրեցի և ֆիքսեցի իր հայհոյանքը, հենց տեսնում էր, որ նկարում եմ, չէր կրկնում ասածը, բայց ես էդպես փորձեցի տեսախցիկը ցույց տալ, որ չի աշխատում ու ձայնագրեցի նրան և դրանով առերեսվել եմ այդ անձի հետ», - պատմեց Թեհմինե Ենոքյանը՝ շարունակելով. «Ոստիկանական բաժնից էս մարդուն գտել բերել էին, որովհետև ինքը այլևս չէր աշխատում ոստիկանական համակարգում, Հատուկ քննչական ծառայության քննիչ Ավետիսյանը առերեսում կազմակերպեց մոտ մեկ տարի առաջ, և մենք ֆիքսեցինք էն, որ էս անձը ներողություն խնդրեց, սակայն դա քրեորեն պատժելի գործողություն չհամարեցին, հետևաբար նա պատասխանատվության չի ենթարկվի։ Երկու հակասության հետ գործ ունենք, եթե անձամբ ինձ հայհոյողը հայտնի է, իսկ օրինակի համար էն անձինք, ովքեր ինձ խփել են, հայտնի չեն, այնուամենայնիվ, էդքան նկարներ կան, դրանք բոլորը հիմք են, որպեսզի գտնվեն էդ ոստիկանները»։
Լրագրողը նկատում է՝ Հատուկ քննչական ծառայությունը ջանք չի գործադրում, որպեսզի բացահայտվեն Բաղրամյանում տեղի ունեցած դեպքերը։
Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։ Ակտիվիստների թվում էր նաև Մաքսիմ Սարգսյանը, ով երկու տարի առաջ լքեց Հայաստանը՝ պատճառաբանելով, որ «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից հետո իրեն աշխատանքի չէին ընդունում։ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ-ի որոշումը ծիծաղելի որակեց։
«Կարող եմ տեղեկացնել, որ գործողությունների արդյունքում ժամանակին շատերի ինքնությունը կարողացանք պարզել և անգամ բնակության վայրը, ուստի ծիծաղելի հիմք է դրված, քանի որ քննչական մարմինների համար պարզել անձի ինքնությունը պիտի որ շատ ավելի հեշտ լիներ, քան քաղաքացիներին։ Ակնկալում եմ գործի վերաբացում, ավելի արդար քննություն, նաև դատաքննություն, ինչի արդյուքում էլ կպատժվեն բոլոր մեղավորները», - նշեց Սարգսյանը։
Փաստաբան Արա Ղազարյանն ընդգծում է՝ որքան երկարաձգվում է գործի բացահայտմանն ուղղված ժամանակը, այնքան ավելի բարդ է մեղավորներին հայտնաբերելը։
«Ցավալի է այս որոշումները, ես այս կասեցման որոշումները կարճման որոշում եմ համարում, որովհետև քրեական դատավարությունը այնպիսի բան է, որ որքան ժամանակը ձգվում է, այնքան ավելի դժվար է հայտնաբերել մեղավորներին, որովհետև մարդկանց հիշողություններից դուրս են գալիս դեպքերը, փաստերը հնանում են, մարդիկ երկրից դուրս են գալիս, և անհնարին է դառնում հանցագործության բացահայտումը, էլ չեմ ասում, որ ի վերջո վաղեմության ժամկետն էլ է աշխատում: Թեհմինեն նկարել է այն մարդուն, որը իր նկատմամբ ոտնձգություն է արել: Եվ այս դեպքերը հանրային միջավայրում կատարված հանցագործություններ են, սրանք փողերի լվացում չեն, որ լատենտային բնույթի հանցագործներ են, քողարկված, որտեղ բազմաթիվ մեխանիզմներ են աշխատում, որոնց շատ դժվար է բացահայտել, էլ չեմ ասում անդրազգային և այլն, սրանք Հայաստանի մայրաքաղաքի մեջտեղում, օրը ցերեկով բազմաթիվ լրագրողների աչքի առջև՝ լրագրողները միշտ զինված են կամերաներով, սրանց բացահայտումը շատ հեշտ էր», - ընդգծեց փաստաբանը։
Հատուկ քննչական ծառայությունն իր որշման մեջ մասնավորապես նշում է. «Հաշվի առնելով, որ անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարման արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, ուստի սույն քրեական գործով վարույթը ներկա պահին ենթակա է կասեցման, ինչը չի խոչընդոտում քննիչի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնաբերելու նպատակով միջոցներ ձեռնարկելը, անհրաժեշտության դեպքում նաև քննչական համապատասխան գործողություններ կատարելը»։