Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում»:

«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն և շատերի հիշողություններում կմնա որպես իր առաքելությանն անմնացորդ նվիրված հոգևոր առաջնորդ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պատրիարք Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին», - ասված է ուղերձում: