Կինը ինքը պետք է հասկանա՝ ինչ է իրեն պետք

Գործարար կին Անժելա Իլյինիխը

Հենց ավելորդ քաշի դեմ պայքարելու շնորհիվ երիտասարդ կինը՝ Անժելա Իլյինիխը այսօր հաջողակ գործարար է դարձել:

Ծննդաբերությունից հետո 30 կգ ավելորդ քաշից ազատվելու ճանապարհը հեշտ չէր: Պատմում է՝ լացի, տառապանքի միջով է անցել, բայց կամքի ու առողջ սնունդի շնորհիվ հասել է նպատակին: Այսօր գոհ է իր կազմվածքից, կշռում է 55 կգ, ռեստորան է բացել, որտեղ բացառապես առողջ սնունդ է մատուցում, սեփական օրինակով էլ խրախուսում ավելորդ քաշից բարդույթավորված մարդկանց:

«Որոշեցի, որ հիմա եթե ես չսկսեմ նիհարել, 30-ից հետո շատ բարդ է լինելու։ Սկսեցի ուսումնասիրել առողջ սնունդը, որովհետև դիետաներ պահելուց հետո, տանջվելուց հետո հասկացա, որ էդ իմ լուծումը չի, որոշումը չի, սկսեցի առողջ սնվել, ուսումնասիրել, սովորել, հասկանալ հիմքը։ Էն ժամանակ որոշեցի, որ բլոգ վարեմ Ինստագրամում, որ մարդկանց հասանելի լինի ու հասկանալի, որ առողջ սնվելը կարող է նաև համով լինի։ Դրանից հետո կամաց-կամաց իմ մասնագիտությունը, իմ սերը ռեստորանի բիզնեսի հանդեպ ու իմ ապրելակերպը, նոր կյանքը բերեց սրան», - նշեց Անժելա Իլյինիխը։

Սիրային տխուր պատմության հետևանքով հաջողակ բիզնես գործունեություն է Երևանում ծավալել նաև Սվետլանա Ավագյանը․ երիտասարդ կինն այսօր քաղաքի կենտրոնում յոգայի կենտրոն ունի:

«Ասեմ, որ առաջին մասնագիտությամբ ծրագրավորող եմ և բավական լավ աշխատանք եմ ունեցել մինչև վերջերս: Լավ վարձատրվող աշխատանք եմ ունեցել, միշտ աշխատել եմ այլ կազմակերպությունների համար, լավ վարձատրվել եմ, բայց յոգայի ստուդիա հիմնելը ավելի ոչ շահույթ հետապնդելու միտում է ունեցել, այլ հենց միտում է ունեցել տարածելու լույս։ Ինձ համար էլ էր հարց՝ արդյո՞ք սա է ճիշտը կյանքում, սկսած ամենապարզ բաներից՝ չվնասելը մարդուն, վատ բան չասելը, չխաբելը, այդ պարզ բաների հիմքում հիմնվելով նմանատիպ սկզբունքների վրա փորձել եմ ստուդիան հիմնել։ Հետո պարզվեց, որ ես փաստորեն արդեն բիզնես լեդի եմ», - ասաց Սվետլանա Ավագյանը։