Իշխանությունը բարձր պաշտոններում կին թեկնածուներ փնտրել է, բայց չի գտել․պատգամավորներ

Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանը (Ձ) և Լիլիթ Մակունցը:

Հեղափոխական իշխանությունը երկար է փնտրել կին կառավարիչների, բայց չի գտել: Նախարարություններ, մարզեր, իրավական ու վերահսկողական ոլորտներ եւ առհասարակ բարձր պաշտոններ կվստահի նրանց, եթե չդիմադրեն․ համոզվել է խորհրդարանական իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Արհեստական կերպով ոչինչ չի ստացվում: Եթե դու մարդուն ստիպում ես անել մի բան, որը նա չի ուզում անել, թե՛ աշխատանքի որակն է տուժելու և թե՛ հանրային առումով այն, ինչ մենք կուզեինք տեսնել, չենք ունենալու», - ասաց Մակունցը:

Նախկին պահպանողական իշխանության օրոք էլ կառավարությունում կին նախարարներ մեկ-երկուսն էին: Կին մարզպետներ չկային, համայնքապետ՝ հազվադեպ: Վերահսկողական լծակները տղամարդկանց ձեռքում էին: Հիմա էլ գրեթե նույն պատկերն է: Նախարարություններում առաջին դեմքերից միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի ղեկավարն է կին՝ Զարուհի Բաթոյանը: Քաղաքներից՝ միայն Էջմիածնի ղեկավարը, ևս յոթ համայնք է կին ղեկավարում:

«Շատ կան պրոֆեսիոնալներ, պարզապես հասարակական, քաղաքական, հանրային ճնշումը շատ մեծ է, և թե՛ միջավայրով պայմանավորված, թե՛ ընտանիքներով պայմանավորված, հաճախ ուղղակի որոշում է կայացվում, որ միգուցե այս պահին չարժե», - ենթադրեց Լիլիթ Մակունցը:

Իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանի խոսքով, հարցը լուրջ է հատկապես մարզերում, որտեղ դժվար է գտնել խնդիրներին ծանոթ թեկնածուներ․ - «Մանավանդ շրջաններում, ես կարծում եմ, դժվար է ղեկավար պաշտոնում գտնել կնոջ, որը պետք ա ծանոթ լինի և՛ շրջանի խնդիրներին․․․ ցանկալի է, որպեսզի տեղացի լինի»:

Ութսունութ պատգամավոր ունեցող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, թե խնդիրը հասարակության ընկալումն է: Կանանց նկատմամբ պակաս հանդուրժող են: Խորհրդարանական ընտրություններում է պատկերն ավելի ցայտուն դարձել:

Ընտրողներն հիմնականում իրենց ձայնը վստահում են տղամարդ թեկնածուներին․ - «Խնդիր է առաջանում իսկապես քաղաքական գործընթացներում կանանց առաջնագծերում ներգրավելու առումով: Որովհետև այն քննադատությունների տարափը, այն կատարելության ակնկալիքը․․․ այն, ինչ չի նկատվում տղամարդկանց պարագայում, չի ներվում կանանց: Այս ամբողջը կանանց թույլ չի տալիս ավելի համարձակ գտնվել և շատ ակտիվ ներգրավվել գործընթացներում»:

Եթե ընտրովի պաշտնների դեպքում քաղաքացիներն են որոշում, ապա նշանակովին՝ իշխող ուժը: Հարցին՝ կառավարման գործում կանանց դերի ընդլայնման քաղաքականություն ունի՞ իշխանությունը և ինչպե՞ս է դա պատկերացնում, Մակունցն արձագանքեց․ - «Միանշանակ համոզված եմ, որ մենք ինքներս էդտեղ ունենք որոշակի դրդող, համոզող, տեղ-տեղ նաև պարտադրող գործառույթ պետք է ստանձնենք և անպայման պետք է աշխատենք այդ ուղղությամբ․․․ Կարծում եմ, այնտեղ, որտեղ ներգրավված են կանայք, այդտեղ շատ ավելի հաշտ են հարաբերությունները և շատ ավելի դիվանագիտական առումով կոմպրոմիսային որոշումներ են ընդունվում»:

Այնուամենայնիվ, տղամարդկանց գերիշխանությունը փլուզելու գործում մեծ դեր ունեն հենց կանայք: Կին պատգամավորների կարծիքով, նախ պետք է սկսել Մարտի 8-ի տոնը վերաիմաստավորելուց՝ սովետական տոնացուցային ծաղիկների ու նվերների ակնկալիքի օրվանից վերադառնալ բուն բովանդակությանը, իրավունքների պայքար մղել ամեն օր: