«Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»

Armenia - Lake Sevan, Undated

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում երեկ բացվեց չորս գեղանկարչուհիների՝ Անուշ Առաքելյանի, Զարուհի Մուրադյանի, Անուշ Չուբարյանի և Լուսին Մամյանի համատեղ ցուցահանդեսը: «Սևան» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է կանանց գարնանային տոներին:

Գեղանկարչուհիներն այստեղ ներկայացված իրենց ստեղծագործություններում պատկերում են իրենց սերն ու հույզերը հայրենի բնաշխարհի՝ մասնավորապես Սևանի ու Շորժայի նկատմամբ, որտեղ անցկացրել են իրենց պատանեկության ու երիտասարդության վառ տարիների ամառային հանգիստը Նկարիչների ստեղծագործական տանը՝ հայ գեղանկարչության և քանդակի արդեն դասական անուններ դարձած իրենց անվանի ծնողների հետ՝ Առաքել Առաքելյանի, Թերեզա Միրզոյանի, Ղուկաս Չուբարյանի, Հենրիկ Մամյանի, Սարգիս Մուրադյանի հետ:

«Նրանք կոնկրետ Շորժայի սիրահարներ են եղել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Անուշ Առաքելյանը: - «Եվ նրանց միջոցով մենք էլ կարողացանք այդ մի կտոր հողը սիրել, պահել մեր սրտերում և հիմա սեր խոստովանել մեր բնության, մեր Սևանի, մեր այդ տարածքի, որը նկարիչները պահել-պահպանել են, սիրել են, գուրգուրել են․․․ հիմա սա մեր սիրո արտահայտությունն է»:

Լուսին Մամյանը հավելեց․ - «Այս ցուցահանդեսը իր մեջ հիշատակ է պարունակում, այս ցուցահանդեսով մենք ուզում ենք հիշել մեր ազնիվ ծնողներին՝ նկարիչներին, որոնք մշակի պես ծառայեցին իրենց հայրենիքին և մշակույթին: Հիշել նաև բոլոր այն մարդկանց, որոնք կողքին անցավ մեր կյանքը այդ չտեսնված Սևանի լուսապայծառ, արևաշատ, արևավառ օրերում»:

Զարուհի Մուրադյան․ - «Քանի որ մենք բոլորս մեր գեղանկարչական և նկարչական լավագույն տարիները անցկացրել ենք Սևանում, այդ միտքը կամաց-կամաց Սևանից եկավ դեպի Շորժա, որովհետև Շորժան մեր ամենասիրելի վայրն է: Ես ընդհանրապես չեմ սիրում մարտիության ցուցահանդեսներ, երբ բացառապես կանանց են ցուցադրում, որովհետև, չգիտեմ ինչու, միշտ լինում ա ծաղիկներ, ծիտիկներ, սենտիմենտալ բաներ: Իսկ եթե տեսաք և արդեն համոզվեցիք, բավականին լուրջ ցուցահանդես ա ստացվել: Ես կարծում եմ, մենք մեր սերը և՛ իրար հանդեպ, և՛ Սևանի հանդեպ, և՛ մեր բնության հանդեպ կարողացել ենք արտահայտել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե ինչ-որ չափով վերականգնենք և՛ Շորժան՝ որպես հանգստյան և ստեղծագործական տուն, և այդ մթնոլորտը»:

Անուշ Չուբարյանի խոսքով՝ հենց Սևանի շնորհիվ է ձևավորվել, թե՛ իրենց ծնողների և թե՛ անձամբ իրենց միջև մարդկային մարդկային ու ստեղծագործական անխզելի կապը․ - «Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ: Չլիներ էդ չղնաղ ափը, չլինեին մեր հրաշալի ծնողները, էսօր չէր լինի մեր արդեն քառասնամյա բարեկամությունը»:

Գեղանկարչունիներն իհարկե ապագայի իրենց տեսլականն ունեն, բայց նրանց նպատակներն ու ցանկությունները հիմնականում հատվում են նույն կետում:

«Մենք պետք է միավորվենք, նռան նման դառնանք միահամուռ մի զանգված, որ կարողանանք ինչ-որ բաներ փոփոխենք թե՛ մեր մեջ, թե՛ դրսում»: