Նյու Յորքի դաշնային դատարանը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի 46-ամյա դստերը՝ Գյուլնարա Քարիմովային՝ առանձնապես խոշոր չափերի կոռուպցիայի ու փողերի լվացման համար:
Ամերիկացի իրավապահները պնդում են, թե Քարիմովան չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու ավելի քան 865 միլիոն դոլարի կաշառք վերցրել հեռահաղորդակցության ոլորտի երեք ընկերություններից՝ ռուսական ՄՏՍ-ից, «Վիմպելկոմ»-ից ու շվեդական «Տելիա»-ից՝ լիցենզիաներ տրամադրելու դիմաց: Եվ քանի որ այս ընկերությունների արժեթղթերը վաճառվում են ամերիկյան բորսաներում, Նահանգների արդարադատության նախարարությունը 2014 թվականին քրեական գործ էր հարուցել՝ Ամերիկայի սահմաններից դուրս արձանագրված կոռուպցիայի հոդվածով: Ընդ որում, Նյու Յորքի դատախազությունը հաղորդել է, որ Քարիմովայի դեպքը ամենախոշորն է մինչ օրս Ամերիկայում այդ հոդվածով հարուցված քրեական գործերի մեջ:
Իրավապահները պնդում են, որ կոռուպցիոն սխեման սկսել է գործել 2001-ից՝ տասը տարի շարունակ, և որ շուրջ մեկ միլիարդի հասնող ապօրինի եկամուտները Քարիմովան լվացել է ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով:
Ի դեպ, սա նախկին նախագահի դստեր դեմ հարուցված առաջին գործը չէ․ 2015-ին հայրենի Ուզբեկստանում նա արդեն իսկ մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու, յուրացումների, շորթումների ու այլ հանցագործությունների համար և դատապարտվել 5 տարվա տնային կալանքի: Օրեր առաջ՝ Միացյալ Նահանգներում սկիզբ առած քննության ֆոնին, Ուզբեկստանի իշխանությունները հայտարարեցին, թե նախկին նախագահի դստերը գաղութ են տեղափոխում, քանի որ նա մի քանի անգամ չարամտորեն խախտել է օրենքը, ինքնակամ լքել է բնակավայրը և օգտվել հաղորդակցության միջոցներից, այդ թվում՝ ինտերնետից:
Ազատազրկումից առաջ, մինչդեռ, Քարիմովան համարվում էր ոչ միայն Ուզբեկստանի, այլև ողջ Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը և հոր՝ Իսլամ Քարիմովի ամենահավանական ժառանգորդը: 23 տարեկանում նա արդեն երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում: Դիվանագիտությունից ու քաղաքականությունից բացի՝ Գյուլնարան նաև շոու բիզնեսով և նորաձևությամբ էր զբաղվում, նրա հավաքածուները ցուցադրվում էին աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում, իսկ ինքը հանդես էր գալիս որպես երգչուհի:
«Արքայադստեր» գլխին, սակայն, սև ամպեր սկսեցին կուտակվել դեռ հոր նախագահության օրոք, ներիշխանական աղբյուրները պնդում էին, թե Ուզբեկստանը ավելի քան 25 տարի ղեկավարող Իսլամ Քարիմովի կյանքի վերջին տարիներին նրա և դստեր հարաբերություններում «սև կատու է անցել», ինչից հետո էլ Գյուլնարան սկսեց կորցնել երկրում ունեցած ազդեցությունը:
Այժմ շվեյցարական բանկերում Քարիմովայի ունեցած 800 միլիոն դոլարի վրա կալանք է դրված, և Ուզբեկստանի իշխանությունները, ըստ տեղական լրատվամիջոցների, բանակցում են այդ միջոցները հայրենիք վերադաձնելու և որոշ մասը բյուջեին փոխանցելու հարցով: