Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարության վիճակի վերաբերյալ այլևս հարցեր չունի, երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Բրյուսելից վերադարձած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ստեղծված այդ իրավիճակն ուղղակի աննախադեպ է։
«Բրյուսել կատարած այցի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը՝ կարծում եմ, որ ունենք աննախադեպ իրավիճակ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, երբ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ Եվրամիությունը չունի ընդհանրապես հարցեր Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես ոչ մի հարց՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այդպես շարունակ։ Չկա որևէ կասկած Հայաստանի կառավարության վճռականությանը՝ ժողովրդավարական փոփոխությունները տանել մինչև վերջ, և, ինչպես ենթադրում եմ, լսել եք Եվրամիության բարձր ներկայացուցիչների կողմից՝ նրանք լիարժեք պատրաստ են աջակցել մեր փոփոխություններին, այդ թվում և՝ ֆինանսապես։ Ընդ որում, ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլև ենթակառուցվածքների և կապիտալ ներդրումների առումով, բայց այստեղ կա մի խնդիր՝ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել, բայց նրանք ակնկալում են, որ մենք չենք ակնկալի, որ, ենթադրենք, օրինակ, մենք ջրամբարաշինության մեծ ծրագիր ունենք հիմա, պատրաստում ենք, որ նրանք պետք է այդ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորեն։ Նրանք ասում են, որ «մենք գրանտներով կարող ենք աջակցել այդ ծրագրերին», բայց Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է ներդրում անի, և այստեղ մենք ունենք երկու աղբյուր՝ կամ այդ աղբյուրներից մեկը մեր պետական եկամուտներն այնքան մեծացնելն է, որ մենք այդպիսի ներդրումների հնարավորություններ ունենանք, երկրորդը՝ վարկեր ներգրավելը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար», - ասաց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց՝ պետք է միասին քննարկել՝ հասկանալու համար, թե որ ծրագրերն են առաջնահերթ համարում։ Արդյո՞ք հանրությունը համաձայն է պետական պարտքի վերին շեմը վերացնել կամ փոխել, որպեսզի միջազգային գործընկերների հետ համագործակցության ավելի լայն հնարավորություններ ստանան։
«Մենք այսօր քննարկում ենք Հայաստանում ջրամբարաշինության մեծ ծրագիր իրականացնելու խնդիրը, մենք խնդիր ունենք մեր բոլոր ճանապարհները բերել եվրոպական ստանդարտների, մենք խնդիր ունենք դպրոցաշինության ոլորտում մեծ ծրագիր ունենանք, մենք խնդիր ունենք, որ Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով կոյուղային կոլեկտորներ ստեղծել, որպեսզի Սևանա լճի և Հրազդան գետի ջուրն այնքան մաքուր լինի, որ Հրազդան գետը, ներառյալ Երևանյան լիճը, կարողանանք որպես հանգստի գոտի և հետևաբար նաև ներդրումային հարթակ օգտագործել։ Բայց սրանք պահանջում են ներդրում, էլ չեմ ասում, որ էներգետիկ միջանցքի կառուցման ստեղծման առումով՝ Իրան-Հայաստան-Վրաստան, այլ ռազմավարական ծրագրեր էլ կան, մենք այստեղ լուրջ քաղաքական որոշման խնդիր ունենք, և մեր խնդիրն է ապահովել, որ ամեն դոլարը ծախսվի նպատակային, և մենք երաշխիք ունենանք, որ վարկերը չեն թալանվելու այնպես, ինչպես թալանվել են նախկինում», - ասաց կառավարության ղեկավարը։