Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին խորհրդարանի ամբիոնից հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու:

Նախորդ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց՝ մեծամասամբ հանրապետականների ջանքերով:

«Ընտրական ինստիտուտները ևս ունեն կատարելագործման կարիք, և ես ուզում եմ օգտվել առիթից և քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու՝ միասնական ջանքերով: Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք այդ թվում և սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, այսինքն՝ գործող ունենք, բայց երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք նաև ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել», - նշեց Միրզոյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանի խոսքով՝ հրավիրվում էին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը: Առաջիկայում կհստակեցվի նաև ձևաչափը՝ որտեղ ու ինչպես են աշխատելու: Ժամկետների սահմանափակում, ըստ Հովակիմյանի, չկա, բայց ասաց՝ իշխանությունը հաստատակամ է խորհրդարանական հաջորդ ընտրություններն արդեն բարելավված ընտրական օրենսդրությամբ անցկացնել։

«Հապշապ ինչ-որ բաներ անելու խնդիր չունենք։ Մեզ պետք է մեր Ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես նույն Կուսակցությունների մասին օրենքը, այսինքն՝ քաղաքական դաշտը կարգավորող օրենսդրությունը հղկել և բերել այնպիսի վիճակի, որ դա նպաստի ամբողջ քաղաքական դաշտի զարգացմանը», - ասաց Հովակիմյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Միրզոյանի այսօրվա առաջարկը դեռ հստակ, վերջնական ու պաշտոնական չէր, երբ կլինի կոնկրետ առաջարկ, իրենք կմասնակցեն քննարկումներին, կներկայացնեն իրենց մոտեցումները: Հիմա դրանից խոսելը վաղ համարեց:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անմիջապես արձագանքեց ԱԺ նախագահի առաջարկին՝ ասաց, որ անպայմանորեն մասնակցելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ սեփական առաջարկներով:

Զոհրաբյանն իրենց նպատակը կարճ ձևակերպեց՝ մշակել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը չի ունենա սողանքներ․ «Հույս դնել, որ ինչքան էլ երկրում քաղաքական մթնոլորտ է փոխվել, չի լինի պաշտոնյա, որը այդուհանդերձ չի մտածի, Ընտրական օրենսգիրքը շրջանցելով, իշխող քաղաքակն ուժի շահը սպասարկելուն, ես այդ հեքիաթներին չեմ հավատում, ինչը ես տեսա նաև դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ։ Երբ որ ես առաջադրվել էի Սյունիքի և Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում, եղան պաշտոնյաներ, նաև մարզպետի մակարդակով, ովքեր խիստ շահագրգիռ էին իշխող քաղաքական ուժի հաղթանակի համար և, իհարկե, գռեհիկ միջամտություններ չեն եղել, բայց, էսպես ասեմ, տերյանական հուշիկ ուղղորդումներ եղել են»։

Ընտրական գործող օրենսդրությամբ՝ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հինգ, դաշինքներին՝ յոթ տոկոս ձայն։

Զոհրաբյանը կարծում է՝ արժե նվազեցնել շեմը, օրենքով ամրագրել հեռուստաբանավեճերի անցկացումը՝ նաև ընտրացուցակի առաջին եռյակի պարտադիր մասնակցությամբ։

ԲՀ-ի համար, ըստ Զոհրաբյանի, ամենասկզբունքայինը ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու 100 տոկոս համամասնականի անցումն է։

«Ես դա համարում եմ ընտրությունները ապաքաղաքականացնելու ամենավտանգավոր ընտրակարգերից մեկը, ինչը ներդրվեց նախորդ իշխանության ժամանակ, որպեսզի կարողանան թաղային հեղինակություններով ապահովել առավելագույն ձայն իշխող կուսակցությանը», - նշեց Զոհրաբյանը։

Իշխանությունը ևս, «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանի խոսքով, կարծում է՝ ռեյտինգային համակարգից պետք է հրաժարվել: Իշխող ուժից ևս կարծիքներ են հնչել՝ 2,5 միլիոն ընտրող Հայաստանում չկա։ Հովակիմյանն ասաց, որ իրենք կարևորում են ընտրացուցակներում իրական թիվ ունենալն ու նախընտրական քարոզչությանը սահմանում տալը:

«Երբ որ դա սահմանված չի, մարդը չգիտի էլ՝ խախտեց, չխախտեց։ Օրինակ՝ նույն դատարանը կամ նույն Կենտրոնական ընտրականը կարա հայեցողական գնահատի», - ընդգծեց Հովակիմյանը։

Ինչ վերաբերում է արմատական փոփոխությունների մասին ԱԺ նախագահի հայտարարությանը, Վահագն Հովակիմյանի խոսքով, Միրզոյանը նկատի ուներ սահմանադրական փոփոխությունները. «Հայտարությունները վերաբերում են Ընտրական օրենսգրքի հետ կապված, ընտրական համակարգի բարելավման հետ կապված, եթե նույնիսկ Սահմանադրությունում անհրաժեշտ կլինի փոփխություն, խնդրեմ»։