Նախորդ նիստի ընթացքում, երբ Շենգավիթի նախկին ոստիկանապետ, տուժող Արամ Հովհաննիսյանն իր ցուցմունքում ասել էր, թե ոստիկանները զինված չեն եղել, դահլիճում ու ապակիներից այն կողմ իրարանցում էր սկսվել:
«Տուժող Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը և Արեգ Կյուրեղյանը, խախտելով դատարանում սահմանված կարգը, չէին ենթարկվում նախագահող դատավորի իրավաչափ կարգադրություններին, [դատարանը] որոշում է կայացնում նշված անձանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության ձևով», - այսօր հայտարարեց Մակյանը:
Շարունակելով իր ցուցմունքն այսօր՝ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն առարկեց, որ համաներումը կիրառվի 2016-ին ՊՊԾ գունդը գրավված «Սասնա Ծռեր» զինված խմբի 10 անդամների վրա:
Հաջորդը ցուցմունք տվողը՝ շտապօգնության բժիշկ Նորայր Թևանյանը, պատասխանելով մեղադրող դատախազի, պաշտպանական կողմի ու դատավորի հարցերին, թե արդյոք իրեն համարել է պատանդ, ասաց, որ թեև ֆիզիկական արգելք չի եղել գնդի տարածքը լքելու, այդուհանդերձ ինքը չի էլ խնդրել, որ իրեն ազատ թողնեն: Բայց օրեր անց, ինքն ու շտապօգնության մյուս բժշկուհին գիշերը, թաքուն փախել են տարածքից:
Նորայր Թևանյանը չառարկեց, որ համաներումը տարածվի զինված խմբի 10 անդամների վրա:
ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկան Գարիկ Մաթևոսյանն ասաց, թե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից գրավված ՊՊԾ գնդում գտնվելու իր 7 օրերի ընթացքում ոտնահարվել են իրավունքները, սահմանափակվել ազատությունը: Նա պատմեց, որ գնդի տարածքում գտնվելու օրերին խմբի անդամներից լսել է, որ ոստիկանության սպանված գնդապետ Արթուր Վանոյանի զենքը խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանի մոտ է եղել: Ի դեպ հենց Սմբատ Բարսեղյանն է մեղադրվում ոստիկան Վանոյանի սպանության մեջ:
Գարիկ Մաթևոսյանը նաև ասաց, որ զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանը փորձել է կրակել իր վրա, բայց Պավել Մանուկյանը թույլ չի տվել: Բիլյանն ու Մանուկյանն ասացին, որ դա սուտ է:
Այսօր 2 ժամում հարցաքննվեց 5 տուժող, նրանցից 4-ն առարկեցին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի, չառարկեց միայն շտապ օգնության բժիշկ Նորայր Թևանյանը:
Մեղադրող դատախազը միջնորդեց, որ հաջորդ նիստին դատարանում հարցաքննվի նաև սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը, որը պնդում է, թե իր որդում ոստիկաններն են սպանել:
Դատախազը նաև հավելեց, որ Տեփանոսյանի հայրը սկավառակ է ներկայացրել դատախազություն: Դատավորն ասաց՝ սկավառակը կկցվի գործին ու կհետազոտվի:
2016 թվականի հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր»-զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը: