Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում:
Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը ներկայացրել է տնտեսական արմատական բարեփոխումների ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման, ներդրումների ներգրավման, կարգավորումների դյուրացման, օրենսդրական դաշտի բարելավման, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում տարվող աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը և համատեղ ծրագրեր իրականացնել: