Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Տոնոյան

2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մարտի 1-ի դեպքերին արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր Զինված ուժերն, այսինքն՝ ներկա են եղել Երևան քաղաքում», - ասաց Տոնոյանը։

Հարցին, թե Զինված ուժերի ներկայությունն իրավաչա՞փ էր, նախարարը պատասխանեց. - «Զինված ուժերի ներկայության իրավաչափությունը մարտիմեկյան դեպքերին դատարանով է հաստատվելու»։

2019-ի մարտի 1-ին լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

«Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան զինվորականներին։