Կաշառառության կասկածանքով Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170 հազար դրամ կաշառք է պահանջել:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ, մշակվել է կասկածյալին հանցափաստով բռնելու օպերացիա։

Մարտի 3-ին՝ կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Նվեր Օհանյանը, իր ավտոտնակի զննության ընթացքում նա ոստիկաններին է ներկայացրել 170 հազար դրամը, փոխանցում է Ոստիկանությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նվեր Օհանյանը ձերբակալվել է։