Դեռևս 2004-ին շենքը ապամոնտաժվել էր, պահպանվել է միայն դիմապատը։ Շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերն իրենց ներկայացրած նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանումը։
2017-ին հողամասը ձեռք է բերվել այլ ընկերության կողմից, որի հետ էլ գործող քաղաքային իշխանությունը կարողացել է համաձայնության գալ, որ նախագիծը կարող է իրականացվել մեկ պայմանով՝ դիմային հատվածը պետք է վերականգնվի:
«Նոր սեփականատերը՝ «Արմսվիս Փրոփերթի» ընկերությունը քաղաքապետարան հայտ է ներկայացրել մնացած ճակատային մասը և այնտեղ նոր շինարարություն կսկսելու համար: Քաղաքի գործող իշխանությունների և սեփականատիրոջ համատեղ քննարկումների արդյունքում քաղաքի իշխանությունները՝ ի դեմս գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, առաջարկ են պնդել, որպեսզի ճակատը ինչ-որ կերպ պահպանվի նոր նախագծում: Քաղաքապետարանի հրապարակած լուսանկարներում երևացող այդ հատվածը, որ ճակատը նույնությամբ վերականգնվելու է նոր շենքում, որպես ինտերյերի մաս շենքի խորքային հատվածում, դա կարելի է համարել հենց քաղաքային իշխանության և սեփականատիրոջ միջև փոխզիջման արտահայտություն: Որովհետև հենց քաղաքն է պնդել, որ թեև դա պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում չէ, բայց ինչ-որ կերպ այդ շենքից հիշողությունը մնա և փոխանցվի հետագայի համար: Իսկ ինչու ապամոնտաժել և նորը հավաքել և ոչ թե եղածը վերականգնել՝ դա արդեն սեփականատիրոջ որոշելիքի տիրույթում է, որովհետև էնտեղ ծախսերի անհամեմատ տարբերություններ կան, և շինարարական աշխատանքների հետ կապված լրջագույն խնդիրներ կան»:
Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Այս հարցով մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ասաց, որ դեռ նախորդ տարի նախարարությունը դիմել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
«Ստացա պատասխան, որ այդ շենքը չունի ճարտարապետական արժեք, որպեսզի ներառվի ցուցակում, բայց հարցը չէր սահմանափակվել այդ պատասխանով և ենթադրում էր ուսումնասիրություն՝ հուշարձանի կարգավիճակ տալու համար: Բայց ըստ ընթացակարգի, նախ պետք է հարցում անեինք տվյալ ՊՈԱԿ-ին և դրա հիման վրա հուշարձանների ցանկում ներառելու համար փորձագիտական հանձնաժողովի նիստ անեինք: Իսկ այն հարցին, թե ինչու միանգամից հուշարձանի կարգավիճակ չտրվեց, և սկսեցին քանդման աշխատանքները, շատ հստակ պատասխանեմ․ քանի որ աշխատանքները իրականացվում էին քանդման թույլտվությամբ, իմաստ չկար։ Եթե նույնիսկ հուշարձանի կարգավիճակ տայինք, «հետմահու հերոսի» կարգավիճակ էր լինելու, որը գործնականում որևէ ազդեցություն չէր ունենալու»:
«Եթե շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում չի եղել, դա չի նշանակում, որ այն պետք է քանդվեր», - ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - «Շատ տենց մասեր կան շենքերի, որոնք ցանկում չկան: Եվ եթե էսօր մենք քանդենք բոլոր շենքերը, որոնք ցանկում չեն, պետության հոգացողության տակ չեն, Երևանից ոչ մի բան չի մնա: Ցանկերում առավել աչքի ընկած շենքեր են, առավել հայտնի հեղինակներ են․․․»
Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արսեն Կարապետյանը կարծիքով, հետագայում չի բացառվում, որ կրկին նման խնդիրների առջև կանգնենք, քանի դեռ նմանատիպ շենքերը չեն ընդգրկվել պատմամշակութային հուշարձանների շարքում․ - «Որոնք որ ցուցակում չեն, բայց պետք է լինեին ցուցակում, մենք պետք է շատ արագ գույքագրենք: Եվ հստակ կառուցապատողներին հասցնենք այդ տեղեկությունը, որ ձեր սեփականություն հանդիսացող այսինչ շենքը շատ բարդ է լինելու քանդել, կամ իմացեք, որ մինչև չճշտվեն հուշարձանների ցուցակները, դուք որևէ բան չեք կարող անել այդ շենքերի հետ»: