Անահիտ Բախշյանը փետրվարի 5-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է եղել և ինչ է լինելու:
Բախշյանի խոսքով՝ մինչ խորհրդարանը հավանություն կտար 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, իրենք տեղեկություններ էին ստանում, որ զորք է մտնում Երևան: Այդ ժամանակ Լարիսա Ալավերդյանը զանգահարել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ու ասել՝ մի՛ արեք, սպասեք մինչև առավոտը բացվի: Սարգսյանը, ըստ Բախշյանի, պատասխանել է՝ արդեն ուշ է։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ինքը անգամ լսել է Սերժ Սարգսյանի ձայնը:
Բախշյանն այսօր ասաց, որ հարցաքննությունների ժամանակ ինքը պնդել է հայտարարությունը։ Նախկին վարչապետ, 2008 ապրիլի 9-ից նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանի հետ չի առերեսվել․ - «Մի քիչ տարբերություն կա իմ ու տիկին Լարիսայի հիշողությունների մեջ: Տասը տարի է անցել, հնարավոր է: Տիկին Լարիսան ասում է՝ ես զինված միջնորդության դեմ եմ խոսել: Գուցե: Ես էլ հիշում եմ, որ ասեց զինտեխնիկա է մտնում քաղաք․․․ Դա կարևոր չի: Ինքը ասել է՝ արդեն ուշ է, այսինքն՝ արդեն ամեն ինչ որոշված է եղել: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկային»:
Ցուցմունքներում, ասաց Բախշյանը, նաև պնդել է, որ իրավապահները ծանոթանան 2008-ի մարտի լույս 2-ին անցկացված Ազգային ժողովի հատուկ նիստի սղագրությանը։ Հենց այդ նիստում է քննարկվել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը։
«Մթնոլորտը զգալ, քաղաքական էդ ժամանակվա իշխանության տրամադրվածությունը, չարությունը․․․ Ազգային ժողովը այդ օրվա կարծես շարունակությունը լիներ էն, ինչ որ էստեղ էր լինում: Մեղադրանքներ, դո՚ւք եք մեղավոր․․․ մեղադրում էին ընդդիմությանը, բնականաբար: Այնտեղ արդարացվում էր էստեղ տեղի ունեցածը, հիմնավորվում էր և ասվում էր՝ բա ո՜նց, բա ի՜նչ, դուք համարձակվել եք․․․»
«Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ՝ ասելու, որ չփորձես ընտրության ժամանակ քո ձայնը պաշտպանել», - մարտի 1-2-ի դեպքերն այսպես է որակում Բախշյանը։
Մարտի 1-ին ողջ օրը նա «Ժառանգության» պատգամավորների հետ Մյասնիկյանի արձանի մոտ կամ ոստիկանատներում է անցկացրել, կեսգիշերն անց մասնակցել է խորհրդարանի հատուկ նիստին:
Բախշյանը կարծում է, որ ամեն ինչ նախապես մտածված է եղել․ - «Հետագա ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ գծագրված էր, պլանավորված էր, մտածված էր․․․ չգիտեմ քանի մարդ էին որոշել նույնիսկ սպանել, բայց փաստը էն է, որ տասը մարդ զոհվեց, տասը երիտասարդ, տասը ծուխ հանգեց: Չափազանց այլակերպված էին, նրանք այլևս ոչ մեկին չէին ուզում լսել: Եթե գար Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե այլ ընթացք ունենար: Չնայած մեկ է՝ երբ ես ամբողջ գործողությունների շարքն եմ վերլուծում, տեսնում եմ, որ դա էլ չէր օգնի: Գուցե մի զոհ ավել լիներ»: