Ծառուկյան․ Մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք պատասխանատվություն զգանք

Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երեկոյան երթը, Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները:

Այս քաղաքական ուժերը երեկոյան երթին միանալու որոշում չունեն:

ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան․ - «Եթե հարմար լինի, նույնպես կարող են մասնակցել: Բայց հիմա մենք եկել ենք ըստ օրակարգի, ոնց որ միշտ եղել է»:

Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Ծառուկյանի անունը ևս հիշատակված է Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած փաստաթղթում, ըստ որի Մարտի 1-ի նախօրեին Պաշտպանության նախարարության իրային պահեստից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին:

Հրապարակված ցանկի համաձայն, այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը:

Հարցաքննվելու վերաբերյալ հարցը ԲՀԿ առաջնորդին հունից հանեց․ - «Աղջիկ ջան, ինչի՞ համար ինձ հարցաքննեն: Ուրեմն էդքան սաղ բանակ, Էմ-Վե-Դե, ամեն ինչ ընդե կանգնած, Ծառուկյանը․․․ Անհարմար ա, ես ձեր տեղը ամաչում եմ: Աչիկ ջան, Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա: Բայց էս շանտաժները․․․ ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի»:

Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հիշեցրին, որ իր գլխավորած ուժը ՀՅԴ-ի և «Օրինաց երկրի» հետ Մարտի 1-ի ոճրագործությունից հետո կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Արդյո՞ք Մարտի 1-ի գործով պատասխանատվություն զգո՞ւմ է: «Բայց ի՞նչ պատասխանատվություն․․․ մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք զգանք», - արձագանքեց Ծառուկյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի կարծիքով, իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական համակարգն այնպիսին է, որ այս փոփոխությունների ուժով Մարտի 1-ի կրկնություն հնարավոր չէ․ - «Քաղաքական ուժերը այսօրվա, այսօրվա խորհրդարանական ուժերը, այսօրվա ձևավորված քաղաքական համակարգը այնպիսին է․․․ և այս փոփոխությունների ուժով․․․ այլևս երբևէ, ես գտնում եմ, որ Մարտի 1 ունենալ հնարավոր չէ: Բայց որպեսզի մենք դա, ժողովրդի լեզվով ասած՝ ցեմենտ-բետոն անենք, պետք է նաև այն փոփոխությունները, որոնց մասին մենք միշտ խոսել ենք, դրանք մինչև վերջ անել»:


Ըստ էդմոն Մարուքյանի, Մարտի 1-ը եղել է նաև այն պատճառով, որ Ռոբերտ քոչարյանը ձևախեղել էր ամբողջ քաղաքական համակարգը․ - «Հոկտեմբերի 27-ից հետո այնպիսի համակարգ է ստեղծել, որ քաղաքացիական, խորհրդարանական որևէ վերահսկողության ենթակա չլինի»:

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կա իշխանություն, որը երբեք քաղաքական բռնության տեղիք չի տա․ - «Հայաստանի կորսված գարունը վերադարձվեց»: