Փաշինյան․ Վերադարձ անցյալի բարքերին չի՛ լինելու

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին:

Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, ներողություն խնդրեց տասը զոհերից: 2008-ին ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ով հեղափոխության արդյունքում այսօր երկրի վարչապետն է, վստահեցրեց՝ վերադարձ անցյալի բարքերին չի լինելու:

«Արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: Ներողություն եմ խնդրում նաեւ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն», - ասել է Փաշինյանը՝ հավաստիացնելիով․ - «Եվ այսօր՝ 2019 թվականի մարտի 1-ին, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին»:

Գնահատելով 2008-ի իրադարձությունները՝ վարչապետն ասաց, որ այդ բռնությունների ու ապօրինությունների միակ թիրախը Հայաստանի քաղաքացին էր․ - «Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է: 2008 թվականի մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»:

Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իր ուղերձում շեշտում է, որ հիմա նոր իշխանության առաքելությունն է՝ Հայաստանը իրավունքի ու արդարության երկիր դարձնել․ - «Եվ այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր: Սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու բռնության դեպքեր: Նման դեպքեր, ցավոք սրտի, դեռ կան, կարող են լինել: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան: Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն»:

«Սիրելի՛ հայրենակիցներ: Այսօր գարուն է: Այս գարունը դուք եք բերել Հայաստանին», - իր ուղերձը եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 1-ի տարելիցին հայտարություն է ընդունել նաև Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը՝ անհրաժեշտ համարելով մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում և ընդգծելով, որ կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ուստի տասը մարդուն մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ։