ԱԱԾ տնօրեն․ Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները, երեկ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյան՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում էր և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Հադրութից հարավ ընկած՝ Արաքս գետին հարող հատված, ուր, ըստ Արցախի հանրային հեռուստատեսության, կառուցվում է նոր բնակավայր՝ Արաքսավանը, 150 առանձնատներով և համայնքային նշանակության շինություններով:

«Ծրագիրը, որը անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ և ոչ միայն իմ, այլև բոլորի օբյեկտիվ գնահատականով՝ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետև այն խոսքերը, արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - ասել է Վանեցյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ շատ կարևոր է, որ նման հայտարարություն է արել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան:

«Սա նշանակում է, որ իրոք Արցախը, նրա անվտանգությունը հայոց պետականության անվտանգության գերխնդիրներից է։ Որպեսզի Արցախը լինի ավելի անվտանգ, որպեսզի ավելի հզոր լինի և դինամիկ զարգանա, դրա կարևոր ուղղություններից մեկը վերաբնակեցումն է, բնակչության, էսպես ասած, թվաքանակի աճն է», - նշեց Բաբայանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նման հայտարարություն է անում Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

«Սա հատուկ պաշտոն է, մեծ հաշվով, և էս հատուկ պաշտոնից, հատուկ կարգավիճակից էդպիսի հայտարարություն է հնչում, և առանձնահատուկ պատասխանատվությամբ։ Էս տեանկյունից իսկապես շատ կարևոր էր և լայն իմաստով, կարծում եմ, նշանակում է Հայաստանի ընդհանրապես պետական ռազմավարության տրանսֆորմացիայի ազդարարում, մենք էսպիսի հայտարարություններ, նաև տարբեր այլ հայտարարություններ լսել ենք ոչ էսպիսի անմիջական ձևակերպումով, և հիմա նաև ականատես ենք լինում այս առանձնահատուկ ձևակերպմանը», - ընդգծեց Բադալյանը։

«Ազատության» զրուցակցի խոսքով, նախորդ տարիների ընթացքում ղարաբաղյան խնդրում Հայաստանի իշխանությունները որդեգրել էին մի ռազմավարություն, որը, մեծ հաշվով, անհարիր էր պատերազմում հաղթող կողմի ռազմավարությանը:

«Հայաստանը արցախյան առաջին պատերազմի արդյունքով ամրագրել է ռեգիոնալ անվտանգության մի նոր ստատուս քվո և մի համակարգ, հետո իր քաղաքականությամբ և պետական ռազմավարությամբ փաստացի հայտնվել է իր ստեղծած իրավիճակին հակոտնյա տրամաբանության մեջ։ Սա բերել է լրջագույն խնդիրների, որոնք պայթեցին ապրիլյան քառօրյա պատերազմով, և դրանից հետո առավել ակնառու դարձավ, որ եթե մենք, որպես պետականություն, դուրս չգանք էդ ռազմավարությունից և չվերադառնանք հաղթողի տրամաբանությամբ ռազմավարություն, մենք կունենանք լրջագույն խնդիրներ և էդ խնդիրների լուծման հարցում չենք ունենա լրջագույն միջազգային աջակցություն, որը ունեցել ենք Արցախյան շարժման և պատերազմի փուլում», - ասաց Բադալյանը։